Home / Հայաստան / Սաակաշվիլի․ Ուկրաինայի օրինակը կարևոր է Վրաստանի ու Հայաստանի համար

Սաակաշվիլի․ Ուկրաինայի օրինակը կարևոր է Վրաստանի ու Հայաստանի համար

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ ուկրաինական Մայդանը շատ կարևոր օրինակ է բոլոր հետխորհրդային երկրների համար ու կարող է ձախողել Ռուսաստանի նեոկայսերական ձգտումները, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Կիևյան պատրիարքության առաջնորդ պատրիարք Ֆիլարեթի հետ ԱՄՆ-ում հանդիպման ժամանակ:

Սաակաշվիլիի խոսքով՝ ներկայումս Ուկրաինան գտնվում է ամբողջ աշխարհի ու, հատկապես, նախկին խորհրդային պետությունների ուշադրության կենտրոնում:

«Սա անկախության համար մեր ընդհանուր պայքարն է: Մեր հասարակությունների ապագայի համար… Ուկրաինան մեծ երկիր է, իսկ Վրաստանը՝ փոքր: Մեզ համար Ուկրաինայի օրինակը շատ կարևոր է»,- հայտարարել է նա:

«[Ուկրաինայում տեղի ունեցողը] մեծապես ազդում է բոլոր երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Մոլդովայի ու անգամ Ռուսաստանի ընդհանուր ապագայի վրա»,- ասել է Սաակաշվիլին:

Նա նաև կարծում է, որ ուկրաինական հեղափոխությունը կարող է արագացնել Ռուսաստանի կայսերական նկրտումների վախճանը:

«Կգա ժամանակ, ու պատմաբանները կգրեն, որ Ռուսական կայսրությունը դադարեցրեց իր գոյությունը Մայդանի ժամանակ: Ու այդպես էլ կլինի: Ժողովուրդն անպայման հաղթելու է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի ԱԾ-ն արգելել է Սաակաշվիլիի մուտքը երկիր՝ Եվրամայդանին մասնակցության ու դրա առաջնորդների հետ ակտիվ շփման պատճառով: