Գագիկ Ծառուկյանը մտել է քաղաքականություն հետապնդելով միայն մեկ նպատակ՝ օգուտ տալ երկրին ու ժողովրդին։ Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է այսօր ԲՀԿ-ի 7-րդ համագումարի ժամանակ։ Համագումարը դռնփակ է եղել, իսկ Ծառուկյանի ելույթը հրապարակվել է ԲՀԿ-ի պաշտոնական կայքում։
«Ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում: Ես կարող էի ապրել անհոգ` միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաև ավելի ազնիվ ճանապարհը: Սա իմ գիտակցված ընտրություն էր: Հետևաբար՝ ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտները և վտանգները: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:
Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով, ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում:
Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգև, քան՝ պետությանը և քո ժողովրդին օգտակար լինելը:
Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են անհրաժեշտ ու ամենակարևոր փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին», – ասել է Ծառուկյանը: