Home / Հայաստան / Տասնյակ զոհեր Կիևում․ կողմերը որոշել են համաձայնագիր նախաստորագրել

Տասնյակ զոհեր Կիևում․ կողմերը որոշել են համաձայնագիր նախաստորագրել

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատժամիջոցներ են մշակում Կիևում արյունահեղ բախումների համար պատասխանատու պաշտոնական անձանց դեմ։ Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի խոսքով՝ արյունահեղության համար պատասխանատուներին կարգելվի վիզա ստանալ, ինչպես նաև կսառեցվեն նրանց ակտիվները։

Ուկրաինայի Առողջապաhության նախարարության տվյալներով՝ երեքշաբթի բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 77 մարդ, այդ թվում՝ ծագումով հայ Գեորգի Հարությունյանը (շուրջ 50 տարեկան)։

Ականատեսները BBC-ին պատմել են, որ զոհերից ոմանք մահացել են մեկ հրազենային կրակոցից, ինչը բնորոշ է դիպուկահարների կրակին։

«ՈՒՆԻԱՆ»-ը հայտնում է, որ հինգշաբթի նախագահի նստավայրում սկսված՝ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ 8 ժամ տևած բանակցություններն արդեն ավարտվել են, ու կողմերը որոշել են ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր նախաստորագրել այսօր՝ Ուկրաինայի ժամանակով ժամը 12․00-ին։

Բանակցություններին մասնակցել են ընդդիմության առաջնորդները, ինչպես նաև Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայները, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ու Ռուսաստանի օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը։ Ընդ որում, Լեհաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Վիկտոր Յանուկովիչը համաձայնել է այս տարի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։

Երեկ Գերագույն ռադան մի քանի ժամ տևած քննարկումներից հետո որոշել է հրադադար հայտարարել ու ուժայիններին դուրս բերել Կիևից։ Իշխանությունների տվյալներով՝ հինգշաբթի սպանվել է անվտանգության ուժերի մեկ աշխատակից, իսկ 67 ոստիկաններ գերեվարվել են ցուցարարների կողմից։ Լույս ուրբաթ գիշերը նրանց բաց են թողել։