Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ՀՀ դատական դեպարտամենտի նախկին աշխատակից, Վճռաբեկ դատարանի դատավորի նախկին օգնական Արմեն Դավթյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, և 200 հազար դրամ տուգանքի, հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:
Դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը:
Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու ստորագրությունը, կմնա անփոփոխ մինչև դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը:
Ըստ Դավթյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից, Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական, դատական գործի ծանոթացման փուլում տեղեկանալով, որ 2012 թվականի հուլիսի 7-ին վճարման հանձնարարագրով «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ կողմից որպես վերաքննիչ բողոքի պետական տուրք փոխանցվել է 5 միլիոն 154 հազար 484 դրամ, նպատակ է ունեցել խաբեությամբ հափշտակել այդ գումարը:
Ամբաստանյալը, ըստ մեղադրական եզրակացության, կեղծել և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի անունից տրված գրությունը, որով ՀՀ ֆինանսների նախարարությանը հայտնվել են անիրական տեղեկություններ, թե իբր դատական վեճը լուծվել է կողմերի հաշտությամբ և անհրաժեշտ է որպես պետական տուրք վճարված գումարը գանձապետարանից փոխանցել «ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ընկերության կողմից սպասարկվող Նաիրա Խաչատրյանի անձնական հաշվեհամարին:
2013թ. հունիսի 20-ին նշված գումարը գանձապետարանից փոխանցվել է հիշյալ հաշվեհամարին, որից հետո բանկից ստացվել է Դավթյանի ծանոթ Արթուր Խաչատրյանի կնոջ՝ Նաիրա Խաչատրյանի կողմից:
Վերջինիցս Արմեն Դավթյանը ստացել է գումարը և 2013 թ. հունիսի 28-ին Նաիրա Խաչատրյանի միջոցով այդ գումարը հետ է վերադարձրել գանձապետարանի հաշվեհամարին:
Պաշտպանական կողմը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ մեղադրող կողմը՝ ամբաստանյալին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով: Ամբաստանյալի պաշտպան Կարապետ Աղաջանյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ իրենք բողոքարկելու են դատավճիռը Վերաքննիչ դատարան, իսկ մեղադրող կողմն առայժմ որևէ դիրքորոշում այս կապակցությամբ չի հայտնել: