Home / Հայաստան / ՀԱԿ փոխնախագահը ԵՄ դիվանագետներին պատմել է տնտեսության մենաշնորհացման մասին

ՀԱԿ փոխնախագահը ԵՄ դիվանագետներին պատմել է տնտեսության մենաշնորհացման մասին

Մարտի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանատանը տեղի է ունեցել Լիտվայի դեսպանի, Շվեդիայի ժամանակավոր հավատարմատարի և ԵՄ անդամ երկրների փոխդեսպանների հանդիպումը «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության պատվիրակության հետ:

Համաձայն ՀԱԿ-ի հաղորդագրության, Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսել է ներքաղաքական զարգացումների մասին, ներկայացրել Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու Կոնգրեսի նկատառումները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների վրա: Զուրաբյանն ընդգծել է, որ իշխանությունները խրախուսում են տնտեսության մենաշնորհացումը:

Ծավալված զրույցի ընթացքում քննարկվեցին ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից Հայաստանի հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության պատճառները: Հատուկ անդրադարձ եղավ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին: ԵՄ ներկայացուցիչները անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Լևոն Զուրաբյանը ներկայացրել է նաև Կոնգրեսի ջանքերը՝ ոչ իշխանական երեք ուժերի հետ համագործակցության խորացման, գործողությունների համատեղ օրակարգի մշակման ուղղությամբ: Ընդգծվել է Հայ Ազգային Կոնգրեսի վճռականությունը շարունակելու պայքարը Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ: