Մարտի 16-ին կայացած Ղրիմի հանրաքվեից հետո Epress.am-ը Կիևում զրուցել է Ղրիմ SOS նախաձեռնության ներկայացուցիչ Տամիլա Տաշևայի և Եվրամայդանի ակտիվիստ, արտվեստագետ Տետյանա Օգարկովայի հետ։ Նրանք համոզված են, որ ուկրաինացիների մեծ մասը չի համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ, իսկ Ռուսաստանը պետք է պատասխան տա ներխուժման համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Ներկայացնում ենք զրույցի տեքստը․
Տետյանա Օ․ – Հասկանում ենք, որ մարտի 18-ին մենք դե ֆակտո կորցրեցինք Ղրիմը։ Ի՞նչ է տեղի ունենալու հետագայում։ Մենք տեսանք նաև նորությունն այն մասին, թե Մերձդնեստրն իբր նույնպես ցանկանում է միանալ ՌԴ-ին։ Հասկանում ենք, որ սցենարը, որը հրապարակվել էր Պուտինի նախկին խորհրդական [Անդրեյ] Իլարիոնովի կողմից, այն մասին, թե Պուտինը ցանկանում է գրավել դեպի ծով բոլոր ելքերն ու Ուկրաինան դարձնել դեպի ծով ելք չունեցող պետություն, ու այն Ղրիմի միջոցով միացնել Մերձդնեստրին, այն մասին, թե Ուկրաինայի մեծ մասը անցնելու է ՌԴ-ին, ցավոք սրտի, իրականություն է դառնում։
Տամիլա Տ․ – Պատմությունը ցույց է տալիս, որ, սովորաբար, երբ որևէ պետություն փորձում է գրավել մեկ այլ պետության տարածք, կամ, ասենք, ինչ-որ տարածք ցանկանում է դառնալ ինքնավար, ապա հաճախ էթնիկ զտումները տեղի են ունենում այդ իրադարձություններից շատ ավելի վաղ։ Այս անգամ հակառակը տեղի ունեցավ։ Հետևաբար, ինձ թվում է, այժմ Ռուսաստանը կսկսի էթնիկ զտումեր, ու այդ զտումներին առաջին հերթին կենթարկվեն Ղրիմի թաթարները, ուկրաինացիները, իսկ դրանից հետո՝ անհաճո ռուսները։ Քանի որ Ռուսաստանին պետք կլինի հարմարավետության գոտի ստեղծել իր համար, իսկ դրա համար անհրաժեշտ կլինի ազատվել անհաճոներից։
Տետյանա Օ․ – Ի՞նչ է պետք անել հիմա։ Առաջին հերթին, ոչ մի դեպքում չի կարելի, ասենք, դադարեցնել Ղրիմի ջրամատակարարումը, գազամատակարարումը, կամ ինչ-որ կերպ ցույց տալ, որ Ուկրաինան հրաժարվում է Ղրիմից։ Ղրիմում գտնվող ուկրաինական զորամասերը պետք է մնան այնտեղ։ Ռուսական կողմը, ամենայն հավանականությամբ, վերջնագիր կներկայացնի։ Մինչև ամսի 21-ը մեզ մոտ զինադադար է, իսկ ամսի 21-ին կարող են ասել ՝«հանձնեք զենքը, այլապես գրոհի միջոցով կվերցնենք»։ Նրանք, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կանեն։ Այս իրավիճակում պետք է պայքարել մինչև վերջ, պետք է հրաժարվել ուկրաինական զորքերը Ղրիմից դուրս բերել, պետք է շարունակել լրագրողների միջոցով ցույց տալ՝ ինչպես է Ռուսաստանը լկտիաբար փորձում դուրս մղել ուկրաինական զորքերը։
Տամիլա Տ․ – Համոզված եմ՝ մարդիկ պայքարելու են իրենց ազատության համար։ Եթե մարդիկ ստիպված լինեն պաշտպանել իրենց տները, իրենց ընտանիքները, նրանք դա անելու են։ Գիտեմ, օրինակ, որ Ղրիմի թաթարները ասում են՝ «եթե մեր ուղղությամբ կրակեն, եթե գան մեր տուն ու փորձեն ինչ-որ բան անել, մենք դիմակայություն ենք ցուցաբերելու»։ Ղրիմի թաթարները միշտ էլ խաղաղասեր բնակչություն են եղել։ Եթե նայենք պատմությանն ու տեսնենք, թե ինչպես են, ասենք, վերադարձել Ղրիմ, նրանց շարժումները, ակցիաները միշտ էլ խաղաղ են եղել։ Իսկ հիմա նրանց ուղղակի ստիպում են զենք վերցնել ու պաշտպանել իրենց հայրենիքը։
Տետյանա Օ․ – Երբ այս ամենը դեռ նոր էր սկսվել, ղրիմցիների մոտ տպավորություն էր ստեղծվել, թե Կիևն առանձին է, իրենք՝ առանձին։ Նրանց թվում էր՝ Կիևում, կոպիտ ասած, պորտֆելներ էին բաժանում, իսկ իրենք մնացել էին միայնակ ռուսական, Պուտինի ասելով՝ ոչ ռուսական, զորքերի հետ։ Հիմա պետք է նրանց աջակցել, ինչքան հնարավոր է երկար պնդել, որ Ղրիմը ուկրաինական է․ որ այն մեր պետությունն է։
Տամիլա Տ․ – Անկախության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ղրիմի թաթարները, օրինակ, շատ լավ հասկանում են, որ Ղրիմն այսօր չի կարող ինքնավար պետություն լինել։ Դա անիրական է։ Ղրիմի թաթարները միշտ էլ Ուկրաինայի կազմում ազգային-մշակութային ինքնավարության դիրքորոշում են ունեցել։ Առանձնացման մասին երբեք խոսք չի գնացել։ Անջատողական տրամադրությունը միշտ եկել է ռուսաստանամետ բնակչության կողմից։
Տետյանա Օ․ – Թղթի վրա՝ Ղրիմը պատկանում է Ռուսաստանին, ու հիմա նրանք կարող են ասել ՝«դուք օկուպանտներ եք, գրավել եք մեր հողը, ու մենք կրակելու ենք»։ Դա այն սցենարն է, որին նրանք հետևում են։ Նրանք, իհարկե, ցանկանում են, որ բախումներ լինեն։ Հետևաբար, եթե այսօր ուկրաինական զորամասերից մեկը հարձակվի այն «ոչ ռուսական զորքերի» վրա, ապա Ռուսաստանը դա կդիտարկի որպես հարձակում իր տարածքի վրա։
Այսօր արդեն գործընթացին պետք է խառնվեն այնպիսի զինվորական մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից։
Ակնհայտ է, որ Ուկրաինան պատրաստ չէ պատերազմի։ Մենք ռուսներից 2-3 քայլ հետ ենք, նրանք այս ամենը նախապես էին ծրագրել ու գիտեին՝ ինչ են անելու, գիտեին իրենց գործողությունների հերթականությունը։
Հետևանքներ լինելու են, Ռուսաստանը պետք է թանկ վճարի Ղրիմում արածների համար։