Ի՞նչ կապ ունի Ալեքսանդր Սարգսյանը տեսախցիկների և արագաչափերի թեմայի հետ։ Ազգային ժողովում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ակնարկելով երեկ հնչած հայտարարությունները, թե արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ և գործարկմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։
Գալուստ Սարգսյանը վստահություն է հայտնել, թե ոչ կոալիցիոն ուժերը ծես են դարձրել իշխանությունների գործողությունների դեմ նախագծեր ԱԺ-ը բերել և քննադատել կառավարությանը։ Մինչդեռ, ըստ ՀՀԿ-ականի, հենց իշխող կուսակցությունն է շահագրգռված խնդիրների լուծմամբ, և ՀՀԿ-ն է առաջինը արձագանքում խնդիրներին, մինչդեռ մյուս ուժերը միայն ավելի կոշտ կերպով կրկնում են իրենց հարցադրումները։
Սահակյանը հայտարարել է, թե ժողովուրդը վստահում է իրենց, ինչպես դա ապացուցվել է վերջին տարիներին անցկացված խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ ընտրություններին։
Ապա Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե պետք է ժողովուրդը տարանջատել ամբոխից, թուղթ է վերցրել ու սկսել կարդալ․
«Շատերը ժողովուրդն ու ամբոխը խառնում են իրար․ այսինքն՝ դուք։ Սրանք իրար հակառակ բաներ են։
Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը` հիմար,
Ժողովուրդը ծանր է, ամբոխը` թեթև,
Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը` դյուրագրգիռ, վտանգավոր, չար,
Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը` թալան,
Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը` կռվարար:
Եվ ամբոխամիտ և ամբողարար մարդիկ երբեմն, ամբոխի գլուխն անցնելով, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որը նա չի էլ երազում։
Ընդամենը սա է, բայց ես սա չեմ ասում, այլ Թումանյանն է ասում՝ 1920 թվականին»։
Սահակյանի ելույթին անմիջապես արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը․ «Մարդիկ մտածեցին՝ դու ես ասել։ Սկզբից պիտի ասեիր, որ Թումանյանն ա ասել, որ չգնային, պարոն Սահակյան»։
Հաջորդ ելույթ ունեցողը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, խորհուրդ է տվել Սահակյանին միշտ թղթից կարդալ և Թումանյանին մեջբերել, քանի որ այդպես ավելի լավ է ստացվում։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը շարունակում է քննարկել ոչ կոալիցիոն ուժերի առաջարկը ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի լրացուցիչ վճարների, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղիներ, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածության հարցով։