Home / Հայաստան / Գյուղնախարարությունը բավարար չի լուծել գյուղացիների փոխհատուցման խնդիրները. օմբուդսմեն

Գյուղնախարարությունը բավարար չի լուծել գյուղացիների փոխհատուցման խնդիրները. օմբուդսմեն

2013 թվականի ընթացքում Հայաստանի տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվողները մի շարք դեպքերում չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ: Այս մասին իր տարեկան զեկույցի գյուղատնտեսությանը վերաբերող հատվածում նշում է ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։

Այլ թերությունների շարքում նա նշում է, որ բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի:

Անդրեասյանն ընդգծում է, որ երկրում դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ:

«Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից: Բավարար քանակի սպանդանոցներ չեն հիմնվել անասնագլխաքանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի է ունեցել ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը: Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ», – խնդիրներին անդրադառնալով՝ ընդգծում է օմբուդսմենը: