Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ հայտարարություն են տարածել, որով ՀՀ իշխանություններին կոչ են անում կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին։
ՀԿ-ները, մասնավորապես, հիշեցնում են, որ Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից հայտարարվել է անցանկալի անձ (pesona-non-grata) և վտարվել է երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերևս հարկ է օգտագործելով նաև այլ մեթոդներ: Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը»։
Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին Երևանում նույն Վոլինկինը հայտարարել էր, թե Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։
«Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:
Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն և աչալուրջ լինել, հասկանալ և հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:
Միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, դեսպան Վոլինկինին խորհուրդ ենք տալիս այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս», – նշում են հայտարարության հեղինակները։
Հայտարարությունը ստորագրել են՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ, «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ, «Կրթության ասպարեզ» ՀԿ, «Գոեֆոն» ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ, «Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ, Հայկ Նազարեան, Հասմիկ Կնյազյան, Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ, Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն ՀԿ, Դավիթ Շահնազարյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, Բենիամին Հովակիմյան, Գևորգ Տեր-Գաբրիելյան: