Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին հասկացրել են, որ արդեն վաղուց սկսել են ՀԿ-ները չեզոքացնելու գործընթացը: Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ընթացքում ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը և հայաստանյան կողմի արձագանքը:
Նախորդ շաբաթ «Նոյյան տապան» պարբերականին տված հարցազրույցում Վոլինկինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է զբաղվի հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք «ցանկանում են սեպ խրել ռուս–հայկական հարաբերությունների մեջ»: Ի պատասխան Վոլլինկինի հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, որ «որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու չէ սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։ Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»։
Լարա Ահարոնյանի խոսքով՝ Հայաստանում ՀԿ-ներն արդեն վաղուց ոտնձգությունների են ենթարկվում, և նման պատասխանով ՀՀ իշխանությունները Ռուսաստանին հանգստացրել են, թե գործընթացը հսկողության տակ է: Ըստ իրավապաշտպանի` ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում իշխանությունների թիրախն են հանդիսանում այն ՀԿ-ները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների ոլորտով և բարձրաձայնում են կառավարության ոչ իրավական գործունեության մասին:
«Տեսնում ենք, որ ոտնձգություններ կան ՀԿ-ների վրա, մանավանդ նրանց վրա, որոնք ավելի շատ են անկախ գաղափարներ ցույց տալիս: Տարբեր ձևերով տարբեր մարդկանց օգտագործելով՝ նրանք (իշխանությունները – Epress.am) ամեն ինչ անում են, որպեսզի տկարացնեն այդ ուժը (ՀԿ-ներին – Epress.am)», – ասել է Ահարոնյանը:
Նա առավել վտանգավոր է համարել ՌԴ դեսպանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին:
Ահարոնյանի խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը, սակայն, չպետք է ամեն ինչ բարդի Ռուսաստանի կամ դեսպանի վրա, այլ «պետք է կարողանա դրա դեմն առնել»: Նա նշել է, որ եթե ՀՀ իշխանությունները չեն կարողանում դա անել, եթե չկա քաղաքական առաջնորդ կամ ընդդիմաւոթյուն, որոնք կարող են պատասխան տալ ՌԴ դեսպանին, քաղաքացիական հասարակությունը պետք է համախմբվի և քայլեր ձեռնարկի:
Նշենք, որ Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել, որով ՀՀ իշխանություններին կոչ են արել կարգի հրավիրել Իվան Վոլինկինին։