ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել մայիսի 16-ից 19-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Հայաստան, ԼՂՀ և Ադրբեջան այցի ժամանակ ԵԱՀԿ համանախագահներին ուղեկցել է Պիեր Անդիոն, ով ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի պաշտոնը կզբաղեցնի հունիսին, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Համանախագահների հայտարարության մեջ ասված է, որ իրենց այցի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղում, Քարվաճառում (Քելբաջար) և Բերձորում (Լաչին) իրավիճակին ծանոթացումն էր` համաձայն իրենց մանդատի: Տվյալ շրջաններն այցելելուց հետո համանախագահները նշել են, որ ենթակառուցվածքներում բարելավման նշաններ են նկատել, Ղարաբաղում վերջին տարիներին բնակչության թվի ավելացում, սակայն, չի նկատվում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև այցելել են Սարսանգի ջրամբար ու քննարկել դրա կարգավիճակն ու հնարավորությունները: Նրանք հույս են հայտնել, որ կողմերը ջրամբարի համատեղ օգտագործման վերաբերյալ համաձայնության կհասնեն` ի շահ տարածաշրջանի:
Մայիսի 19-ին համանախագահները հատել են Տերտերի մոտակայքում գտնվող շփման գիծը: Դիվանագետներն իրենց ափսոսանքն են արտահայտել հրադադարի շարունակական խախտումների և զոհերի վերաբերյալ` նշելով, որ հրադադադարի ռեժիմի խախտման փաստերը քննելու մեխանիզմի բացակայությունը կողմերին թույլ է տալիս մեղադրել մեկը մյուսին: