Home / Տեսանյութեր / Հյուսիսային պողոտայի հին շենքերի բնակիչները հրաժարվում են լքել իրենց տները․ ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հյուսիսային պողոտայի հին շենքերի բնակիչները հրաժարվում են լքել իրենց տները․ ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հյուսիսային պողոտայի սկզբնամասում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմաց գտնվող Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի մի խումբ բնակիչներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել, իրենց խոսքով, ընդդեմ կեղծ գերակա շահի, իրենց շենքերի քանդման և բակային տարածքի բռնազավթման։

«Աֆրիկյանների շենքից հետո մենք ենք՝ SOS» կարգախոսով և պաստառներով բակում խմբված բնակիչները նախ զրուցել են հավաքված լրագրողների հետ, հանդես եկել հայտարարությամբ, ապա վերջիններիս հրավիրել են իրենց բնակարանները՝ ծանոթացնելու պայմաններին՝ նշելով, թե չեն պատրաստվում լքել դրանք։

«Գերակա շահ ճանաչված շենքերի իրացումը հանձնարարվեց «Լոկալ Դիվելոփրզ» ՍՊԸ-ին, իսկ դատարան դիմած քաղաքացիները մերժվեցին։ Նախորդ անգամների պես պայմանագիր չկնքեցինք կառուցապատողի հետ, ինչից հետո վերջինս զրկվեց իրացման իրավունքից։ Մեր բոլոր ջանքերն անտեսվել են կառավարության կողմից, իսկ 2013 թվականի օգոստոսի 29-ին՝ կառավարության N-958 որոշմամբ 4-րդ անգամ մեր շենքերը ներգրավվեցին իրացման գործընթացի մեջ, իսկ վերջնականաժամկետ է սահմանվել 2015-ի հունվարի 1-ը։ Փաստորեն 2002 թվականից մինչ օրս՝ 12 տարի, գտնվում ենք չհայտարարված պաշարման մեջ», – հայտարարել է շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակաշրջանում իրենց շենքերում ոչ մի բնակարան չի վաճառվել այլ անձի՝ «Լոկալ Դիվելոփրզ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մայրապետյանից բացի, որովհետև ցանկացած գնորդ, տեղեկանալով իրացման խնդիրենրի մասին, խուսափում է բնակարան գնել։

«Այսպիսով՝ իշխանությունները անուղղակի կերպով պարտադրում են վաճառել մեր բնակարանները անհամեմատ ցածր գներով։ Մեր շենքերը խարխուլ չեն, շատ հարմարավետ են բնակվելու համար, և բացարձակ կեղծիք է տեղեկությունն այն մասին, թե իբր մեր խնդրանքով և մեր համար է կառուցվում Պուշկինի 38 հասցեի շենքը։ 2009-ից բազմաթիվ բողոքներ ենք հղել ՀՀ նախագահին, վարչապետին, և փոփոխվող քաղաքապետերին՝ պահանջելով չապականել, չոչնչացնել, մեր բակը, մանկական խաղահրապարակը, սակայն ապարդյուն։Մեզ միացան նաև Հյուսիսային պողոտա 6,8 շենքերի բնակիչները», – նշել է շենքի բնակիչը։

Վերջինիս խոսքով՝ իրենք «աննորմալներ են»՝ խնդրում են իրենց համար շենք կառուցել, հետո դիմում դատարան, որպեսզի չկառուցեն, ապա ընդհարվում ամիսներ շարունակ տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանների ու աշխատող շինարարների հետ։

«Այսպիսով՝ ի շահ մի խումբ հանցավոր համաձայնության եկած ձեռներեցների և չինովնիկների, ոտնահարվում են մեր իրավունքներն ու արհամարվում է օրենքը։ Ցանկացած գործողություն, որը տեղի կունենա մեր կամքին հակառակ, կստանա համարժեք պատասխան», – եզրափակել է Գերավետյանը։