Home / Հայաստան / Ինչու չի կարելի Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակել

Ինչու չի կարելի Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակել

Վրաստանը Հայաստանի համար կարևորագույն գործընկեր երկիրն է, և անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ դեսպանը լինի հմուտ դիվանագետ և փորձված գործիչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանի (լուսանկարում)՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակելուն։

«Յուրի Վարդանյանը ֆանտաստիկ լավ սպորտսմեն էր՝ ֆենոմենալ արդյունքներ արձանագրած, որով հպարտացել ենք, բայց դա չի նշանակում, որ ինքն ի վիճակի է ներկայացնել Հայաստանը Վրաստանում, որտեղ կան բազմաթիվ և բազմապիսի հարցեր։ Մանավանդ հիմա, երբ այդ տարածաշրջանում արդեն բաժանարար ուժերի վտանգ է ստեղծվում, քանի որ Վրաստանը հստակ ստորագրեց Ասոցացման պայմանագիրը ու այնտեղ լինելու են խրթին հարցերի տասնյակներ, որոնք ամենօրյա հետևողական ու դիվանագիտական աշխատանք են պահանջելու։ Հին սովետական մոտեցում կա. երբ չինովնիկը լավ չի աշխատում և չես ուզում ազատես, պատվավոր աքսորի էին ուղարկում։ Կարող էին նույնիսկ Ճամայկա ուղարկել և տարիներ շարունակ մեծ արդյունքներ չակնկալել», – ասել է բանախոսը։

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակմանը, Արզումանյանը նշել է, որ այստեղ պրոբլեմ կա՝ «եթե օֆշորային սկանդալը ապացուցվի, ուրեմն մենք խոսելու ենք ոչ թե դեսպանի, այլև քրեական պատասխանատվության մասին»։

«Որպես դեսպանացու, չեմ կարծում, որ Սարգսյանը որևէ պրոբլեմ կունենա հայ-ամերիկյան ընդհանուր հարաբերությունները նորմալ ներկայացնելուն։ ԱՄՆ-ն շոյված է, որ նախկին վարչապետ ենք նշանակում որպես դեսպան իրենց երկրում», – եզրափակել է բանախոսը։