Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ տեղեկություններ չունի, թե արդյոք Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած կամ զոհված հայաստանցիներ կան։
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Epress.am-ին փոխանցեցին, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն այս պահին ճշտում է տեղեկատվությունը և այն հասանալի լինելու դեպքում ԱԳՆ-ն կհրապարակի այն։
Նշենք, որ այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում գնացքներից մեկը կտրուկ արգելակել է և դուրս է եկել ուղուց։ Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, արդեն իսկ հայտնի է, որ զոհվել է 16 մարդ, ավելի քան 100 քաղաքացիներ հոսպիտալացվել են, նրանցից մեկ երրորդի վիճակը ծանր է գնահատվում։