Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը շնորհավորեց Էրդողանին․ վերջինիս հայ լինելը նա վիրավորական կհամարեր

Սերժ Սարգսյանը շնորհավորեց Էրդողանին․ վերջինիս հայ լինելը նա վիրավորական կհամարեր

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

«Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց:

Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նշենք, որ երկուշաբթի «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Էրդողանի՝ հայերին վիրավորող հայտարարությանը

«Ինչ վերաբերում է նրա մոտեցումներին, ես կարծում եմ՝ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա: Եվ իրոք կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ»։