Վրաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել օկուպացված Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարցը: Georgia Online֊ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի լիազոր ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ տվյալ թեման մինչ օրս չի քննարկվել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ իր ունեցած հանդիպումների ընթացքում: Աբաշիձեի խոսքով՝ եթե պաշտոնական Մոսկվան ցանկանա քննարկել այդ հարցը, ապա վրացական կողմը պատրաստ է դրան, բայց որոշումներ կընդունի՝ ելնելով իր պետական շահերից։
«Եթե ռուսական կողմը հետաքրքրված է երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ, ապա այն պետք է համապատասխան նախաձեռնությամբ դիմի Վրաստանին: Մենք շատ ուշադիր կլսենք նրանց, կուսումնասիրենք հնարավոր առաջարկները։ Դեռևս նմանատիպ որևէ նախաձեռնություն չի եղել: Մենք չենք հրաժարվում քննարկել այդ հարցը, չենք պատրաստվում փակել մեր ականջները: Խնդիրը, սակայն, միայն երկաթգծին չի վերաբերում։ Դա միայն տրանսպորտային թեմա չէ, այն շատ ավելի լուրջ ու բարդ է: Հասկանալի է, որ խոսքը Աբխազիայի մասին է, այստեղ նույնիսկ բացատրելու կարիք չկա: Հետևաբար, նախքան տրանսպորտային խնդիրների քննարկումը, պետք է ընդհանուր կարծիքի գալ այդ քաղաքական հարցերի վերաբերյալ»,- հայտարարել է Աբաշիձեն:
Georgia Online հիշեցնում է, որ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման նախաձեռնությամբ պարբերաբար հանդես է գալիս Հայաստանը, որի համար կարևոր է տրանսպորտային կապ ունենալ իր գլխավոր քաղաքական ու տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ։
Աբխազական կողմը բազմիցս հայտարարել է, որ հետաքրքրված չէ երկաթգծի բացմամբ, ու պաշտոնական Սուխումը (վրացական անվանումը Սուխումի) դրա համար որևէ պատճառներ չունի։ Վրաստանի ղեկավարությունն, իր հերթին, հայտարարում է, որ պատրաստ է սկսել քննարկումներն այդ հարցի վերաբերյալ, սակայն առանց քաղաքական հարցերի լուծման՝ երկաթգիծը չի բացվի։
«Հենց առաջին քաղաքական հարցը, օրինակ, որտեղ տեղադրել մաքսային կետը, կարող է խափանել բանակցությունները», ֊ հայտարարում են Թբիլիսիում։