«Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գևորգյանին երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել փողոցում լուսանկարների ցուցադրություն կազմակերպելու համար: Գևորգյանն Epress.am-ին պատմել է, որ իրեն բերման են ենթարկել ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանի փողոցային ցուցահանդեսի մոտակայքից:
Ոստիկանները հարցրել են՝ արդյոք ինքն է փակցրել Տերյան փողոցում կազմակերպված ցուցահանդեսի նկարները: Գևորգյանը պատասխանել է, թե ինքը չէ, սակայն ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, իրեն նստեցրել են ոստիկանական մեքենա։
«Ձեռքերս ոլորել են, նստեցրել ավտոմեքենա, որտեղ փորձում էին մտնել գրպաններս, հանել հեռախոսս: Ոստիկանության բաժնում ես նստեցի, ինձ ասեցին՝ քեզ ո՞վ է թույլ տվել նստել, ու պատի տակ կանգնացրեցին: Ձեռնաշղթաներս չէին արձակել, ասեցի՝ ցավացնում է, հատուկ ավելի ձգեցին»,- պատմել է Գևորգյանը:
Ակտիվիստի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։
Գևորգյանն ասել է, որ չի պատրաստվում բողոքել ոստիկանների անօրինական գործողությունների դեմ, քանի որ վստահ է, որ ոստիկանության դեմ ոստիկանությունում բողոքելն անիմաստ է։
Լուսանկարը՝ Արտակ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից