Ձյուն մաքրող մեքենայի վարորդը, որին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում բախվել է ֆրանսիական Total նավթային ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ դե Մարժերիի ինքնաթիռը, հարբած է եղել, հաստատել են Ռուսաստանի քննչական կոմիտեում, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»֊ը։
«Հաստատվել է, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Բացի դա, հնարավոր է՝ օդանավակայանի մի շարք աշխատակիցներ ազատվեն իրենց պարտականություններից նախաքննության ընթացքում»,֊ ասել է ՌԴ ՔԿ֊ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը գտնվում է շոկային վիճակում ու բժիշկների վերահսկողության տակ է։ Նա լուրջ վնասվածքներ չի ստացել։
«Միջադեպի պատճառների առաջնային տարբերակներից են դիսպետչերի սխալն ու ձյուն մաքրող մեքենայի վարորդի գործողությունները։ Բացի դա, քննության են առնվելու նաև անբարենպաստ եղանակային պայմաններն ու օդաչուի սխալները»,֊ հայտարարել է Մարկինը։
Նշենք՝ այսօր 00։45֊ի սահմաններում Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կործանվել է «Ֆալկոն» մակնիշի մասնավոր ինքնաթիռ, որի միակ ուղևորը և անձնակազմի 3 անդամները մահացել են։ Ուղևորը ֆրանսիական Total նավթային ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ դե Մարժերին է եղել։