Ոչ իշխանական ուժերի օրենսդրական նախաձեռնությունների քննարկման մերժումն արդարացնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է խորամանկության՝ ԱԺ բերելով մի շարք օրինագծեր, որոնք անհետաձգելի են համարվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Երեկ ոչ իշխանական ուժերը հանդես են եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով ԱԺ արտահերթ նիստում քննարկել կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարությունը և Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու վերաբերյալ նախագիծը: Նրանք հավաքել էին արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրությունները:
Այսօր, սակայն, ԱԺ-ն սկսել է քննարկել Կառավարության ներկայացրած սահմանամերձ գյուղերին հարկային պատասխանատվությունից ազատելու մասին օրինագիծը, ապա պատրաստվում է քննարկել եկամտահարկի մասին օրինագիծը:
«Հերթական անգամ խախտվում է ԱԺ կանոնակարգը: Մեր առաջարկած օրենքները նաև հանրային քննարկումների անհրաժեշտություն ունեն: Իշխանություններն ուզում են թույլ չտալ, որպեսզի ընդդիմությունը արտահերթ նիստ հրավիրի և օրենսգրքում փոփոխություններ իրականացնի: Սա մանր խորամանկություն է, որն իշխանությունները փորձում են բանեցնել»,-ասել է Ռուբեն Հակոբյանը: