Home / Տեսանյութեր / ԱԺ-ում պահանջել են հարկայինի թերացումները չբարդել հղի կանանց վրա

ԱԺ-ում պահանջել են հարկայինի թերացումները չբարդել հղի կանանց վրա

Այսօր ԱԺ-ում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին լսումներ են անցկացվել։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը նշված օրենքներում փոփոխություններ կատարելու համար հիմնավորումներ են ներկայացրել։ 

Հիշեցնենք, որ օրենքը մեծ դժգոհություն է առաջացրել հատկապես կանանց շրջանում, քանի որ այն աշխատող կանանց մայրության նպաստների կրճատում է նախատեսում: 

Արտեմ Ասատրյանը օրենքը փոխելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ անաշխատունակության նպաստների գործող  մեխանիզմի ծախսաարդյունավետությունը ցածր է. վերջին երեք տարիներին երեք անգամ աճել են երիտասարդ մայերի և հիվանդ մարդկանց վրա արվող ծախսերը, թեև հիմք չկար, օրինակ, ծնելիությունը չի աճել:

Սմբատ Սաիյանը էլ ասել է, որ օրենքը փոխելու անհրաժեշտության կա, քանի որ նպաստներ տալու ծրագիրը հաճախ չարաշահվում է, և տրվում են այնքան մեծ նպաստներ, որոնք գերազանցում են իրենց սոցիալական նշանակությունը: Նրա խոսքով՝ գործող օրենքով ավելի ձեռնտու է հիվանդության հիմքով անաշխատունակ ձևակերպվելով չաշխատելը, քան աշխատելն ու աշխատավարձ ստանալը: Սաիյանը նշել է նաև, որ չափազանց շատ են դեպքերը, երբ մինչև 6 ամիս աշխատանքային ստաժ ունեցող կանայք են դիմում երեխա ունենալու պատճառով արձակուրդ գնալու դիմումներով, ինչը կարող է ենթադրել, որ կանայք ձևական  ձևակերպվում են որպես աշխատող՝ նպաստ ստանալու համար: 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել է, որ նման արդարացումն ապացուցում է կառավարության հետևյալ պրակտիկան. Հայաստանում չկարողանալով լուծել վարչարարական թերացումները՝ նոր օրենքներ են առաջարկում: Վարդանյանը հիշեցրել է շրջանառության հարկի մասին օրենքը, որի դեմ բողոքում են փոքր և միջին ձեռնարկատերերը: Այդ օրենքը ևս հիմնավորում են նրանով, որ պայքարելու է ստվերի դեմ: 

Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ այդ հարցով պետք է զբաղվի հարկայինը, սակայն չի կարելի նրա համար առանձին գործ սահմանել՝ ստուգելու հղի կանանց նպաստները: 

Լսումներին մասնակիցների անհանգստության հիմնական պատճառն այն էր, որ Կառավարությունը ցանկանում է կանանց նախածննդյան և հետծննդյան 140-օրվա նպաստների չափը սահմանել ըստ նրանց աշխատանքային ստաժի: Օրինակ՝ եթե ունեն նույն աշխատավայրում 3 տարուց քիչ աշխատանքային ստաժ, ապա պետք է ստանա իրենց աշխատավարձի 40 տոկոսի չափ գումար: Նման սահմանափակումներ, ըստ լսումներին մասնակցող պատգամավորների և քաղաքացիներ, ոչ մի երկրում չկան: Սաիյանն ասել է, որ նման սահմանափակում կար խորհրդային տարիներին, իսկ այժմն նաև Մոլդովայում, սակայն որևէ ապացույց պաշտոնյան չի ներկայացրել՝ խոստանալով հետագայում դա անել: 

Հիշեցնենք, որ մինչ ԱԺ-ում լսումներ էին ընթանում, ԱԺ֊ի շենքի մոտ մի խումբ քաղաքացիներր բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով մերժել նախագիծը: