Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` առաջարկելով մայրերին նպաստ հատկացնելու կարգը փոխելու մասին Կառավարության նախագծի շուրջ պատշաճ հանրային քննարկումներ անցկացնել և վերանայել նախագիծը:
«Օրինագծով կնոջը նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար գումար կտրամադրվի միջին աշխատավարձի 40, 60, 80 տոկոսի չափով՝ կախված միևնույն գործատուի մոտ կնոջ աշխատանքային ստաժից: Այսինքն՝ ոչ միայն էապես նվազում է ստացվող գումարի չափը, այլև այն կախման մեջ է դրվում նույն աշխատավայրում աշխատելու հանգամանքից: Օմբուդսմենը մտահոգ է, որ նման պահանջը կարող է սահմանափակել կնոջ աշխատանքի ընտրության սահմանադրական ազատությունը և հանգեցնել գործատուների կողմից աշխատանքային իրավունքների չարաշահման: Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100 տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին: Օրինագիծը նաև անհամեմատ անբարենպաստ պայմաններ է ստեղծում այն կանանց համար, ովքեր արդեն իսկ հղիացել են գործող օրենքի ժամանակ: Ստացվում է, որ նրանց վրա տարածվելու են օրինագծով առաջարկվող ավելի վատթար պայմանները՝ այսպիսով խախտելով օրինական ակնկալիքի սկզբունքը»,- ասված է ՄԻՊ-ի նամակում: