Նոյեմբերի 24-ին Հայաստանում դրամի փոխարժեքը կտրուկ անկում է գրանցել։ Դեռ առավոտյան երևանյան փոխանակման կետերում 1 դոլարը հնարավոր էր գնել 427 դրամով, սակայն արդեն կեսօրից հետո այն վաճառվում էր 435-ից 437 դրամով։
Համաձայն rate.am կայքի, 15։30-ի դրությամբ հայաստանյան բանկերը դոլարը գնում էին 429-ից 433 դրամով, իսկ վաճառում 436-ից 438 դրամով։ Փաստորեն, անցյալ շաբաթվա համեմատ դոլարի գինը բարձրացել է մոտ 20 դրամով։
Համաձայն Կենտրոնական բանկի ներկայացրած շաբաթական ամփոփ տվյալների, նոյեմբերի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82 միլիոն 599 հազար 385 դոլար 415.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109 միլիոն 368 հազար 756 ԱՄՆ դոլար 417.39 դրամ միջին փոխարժեքով: