2010 թվականին բանակում զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում բողոքում է իր որդու գործով զբաղվող քննիչ Արմեն Ապրեսյանի գործողությունների դեմ: Մինչ դա, ՀՔԾ֊ն և ՀՀ դատախազությունը մերժել են քննիչի դեմ քրեական գործ հարուցել։
Ըստ Մուրադյանի՝ Ապրեսյանը կատարել է քրեական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի խախտում՝ չուսումնասիրելով գործի բոլոր նյութերը: Համաձայն պաշտոնական վարկածի, Վալերի Մուրադյանն ինքնասպան է եղել կախվելու միջոցով, և այդ նպատակով նա կանգնել է մետաղյա աթոռի վրա, բայց քննության չեն ենթարկվել ոչ աթոռը, ոչ Մուրադյանի հագին եղած զինվորական կոշիկները:
«Ես համոզված եմ, որ քննիչը դա արել է դիտավորությամբ: Եթե իմ տղան ինքնասպան է եղել, ապա նրա մատնահետքերը և կոշիկների հետքերը պետք է լինեն աթոռի վրա: Չի ստուգել, որովհետև դրա վրա մարդասպանի հետքերն են եղել», – դատարանում ասել է Նանա Մուրադյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, լսելով Մուրադյանի բողոքը, կարծիք է հայտնել, որ զոհվածի մոր գործողությունները ուշացած են։ Մարտիրոսյանը, մասնավորապես, հարցրել է՝ ինչու Մուրադյանը քննիչի դեմ բողոքը չի ներկայացրել ինքնասպանության գործով ընթացող դատական նիստերի ժամանակ, այլ առանձին վարույթով է դիմել, ինչպես նաև՝ ինչու է զինվորի մայրը, օրինակ, զինվորական կոշիկների մասին «նոր հիշել»։ Մուրադյանը պատասխանել է, որ ինքն այդ մասին իմացել է դեպքից շատ ավելի ուշ, երբ իրեն թույլ են տվել տեսնել, թե որդու հագուստից որն է ուսումնասիրվել։
Դատավորն ասել է Մուրադյանին, որ գործի քննության ընթացքում պետք էր փաստաբանի ծառայություններից օգտվել։ Ըստ Մարտիրոսյանի, կարելի է դիմել իրավապաշտպան կազմակերպություններին՝ փաստաբանի անվճար ծառայություններ ստանալու համար:
«Դուք դիմեք, կազմակերպություններ կան, որոնք մեծ հաճույքով ձեզ փաստաբան կտրամադրեն»,- ասել է Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի դիտողությունը զայրացրել է ոչ միայն Նանա Մուրադյանին, այլև դատական նիստին ներկա բանակում որդիներ կորցրած մյուս մայրերին: Նրանց խոսքով՝ փաստաբանի հետ մեկ խորհրդատվությունն արժի 5000 դրամ, իսկ զինվորներ կան, ում գործը ձգձգվում է ավելի քան 10 տարի:
«Նանայինը 4 տարի է, իմը՝ 8, մյուսինը՝ 13, մենք չէ, իրենց օլիգարխներն էլ չէին կարող այդքան փաստաբանի փող տալ: Եվ բացի դա, մեր երեխաներին սպանել են, մենք դեռ բացահայտման համար պետք է վճարե՞նք: Ցավն այն է, որ ինչքան էլ պրոֆեսիոնալ լինեն, չեն ցանկանում, չեն բացահայտում», – ասել է 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Նշենք, որ այժմ Նանա Մուրադյանին անվճար փաստաբանական օգնություն է տրամադրում Մուշեղ Շուշանյանը, ով այսօրվա նիստին չէր ներկայացել հիվանդության պատճառով: