ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի «Վարդատոն» ամենամյա Ամանորին նվիրված փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաև շրջանի հայկական համայնքը: Հայկական ծաղկասայլը պատրաստել էր Ամերիկահայ Ծաղկասայլի Ընկերակցությունը, և դրա համար ծախսվել է երեք հարյուր հազար դոլար: Հայկական ծաղկասայլը շքերթին մասնակցել է «Քաղաքակրթության օրրան» խորագրով և դրանում ներկայացրել է հայկական խորհրդանիշներ, ինչպես օրինակ, նուռ, ծիրան, խաղող, գորգեր, հայոց այբուբենի տառեր:
Փառատոնին սայլի մասնակցությունը, սակայն, միանշանակ չի ընկալվել մի խումբ ամերիկահայերի կողմից․ նրանց դժգոհությունն է առաջացրել այն, որ փառատոնի մասին KTLA-TV հեռուստատեսության պատրաստած հաղորդման ժամանակ հաղորդավարը, հայկական ծաղկասայլը ներկայացնելով, ասել է, որ հայերը հայտնի են որպես քոչվոր ժողովուրդ:
Հաղորդավարը օգտագործել է Nomad (քոչվոր) բառը, որը, որոշ ամերիկահայերի կարծիքով, օգտագործվում է որպես «քաղաքակիրթ» բառի հականիշ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է բացվել, որը պահանջում է հեռուստատեսությանը հերքել հաղորդավարի արտահայտած միտքը և ներողություն խնդրել հեռուստադիտողներից թույլ տված սխալի համար:
Խմբի անդամները մամուլի ասուլիս էին կազմակերպել, որտեղ ներկայացվել է բառի պատմությունը. Nomad-ը (քոչվորը) դա այն մարդն է, ով չունի մշտական բնակություն, տեղից տեղ է գնում սնունդ գտնելու համար:
Խմբի անդամները գրում են, որ հայերն ունեն ավելի քան 2.500 տարվա պետականության պատմություն և ապրել են իրենց հայրենիքում դարեր շարունակ: Ավելին, նրանք ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը այժմ անկախ պետություններ են, իսկ ԱՄՆ֊ում բնակվող հայերի մեծ մասը Ցեղասպանության վերապրածների ժառանգներ են:
«Մեղմ ասած, վիրավորական է ներկայացնել տարահանումը, հայրենիքի կորուստը, և այս՝ մարդկության դեմ հանցանգործությունից խուսափածներին որպես «քոչվորություն»», – ասված է խմբի էջում:
էջի հիմանդիրներից մեկն է ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանը: Նա Epress.am-ին ասել է, որ դեռևս չի հաջողվում պարզել՝ ում մեղքով է այդ բառն օգտագործվել ուղիղ եթերում, արդյոք հենց հայկական սայլը ներկայացնող Ամերիկահայ Ծաղկասայլի Ընկերակցությունն է այդ տեքստը հանձնել հեռուստաընկերությանը, թե դա հաղորդավարի իմպրովիզն է եղել: Ամեն դեպքում, KTLA-TV-ից լրագրողին հայտնել են, որ իրենց տեքստերը պատրաստվել են յուրաքանչյուր մասնակից կազմակերպության հաղորդակցության համապատասխան: Ամերիկահայ Ծաղկասայլի Ընկերակցությունից լրագրողին պատասխան ստանալ չի հաջողվել:
Նշենք, որ հայկական ծաղկասայլը արժանացել է փառատոնի Նախագահական մրցանակին։