Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում խարդախության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում խախտումներ են գրանցվել, այդ թվում՝ ներգրավվել են գոյություն չունեցող ընթերականեր: Այս մասին գրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքը:
Վանաձորի բնակչուհի Սվետլանա Պապիկյանը հայտնել է, որ մտավախություն ունի, թե ընթերակաների փոխարեն ստորագրել է հենց ինքը՝ Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Տ. Թադևոսյանը:
Պապիկյանի փաստաբանի կողմից հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Բազումի անձնագրային բաժին: Հարցման արդյունքում պարզվել է, որ այդպիսի անուն ազգանունով անձանց մասին պետռեգիստրի համակարգչային պահոցում տվյալներ չկան:
Այս հարցով ՀՔԱ Վանաձորի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն քննիչ Ա. Օհանյանի կողմից կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումը բողոքարկվել է, սակայն Օհանյանը երկրորդ անգամ էլ է գործը կարճել:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեկտեմբերի 12-ին դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որով կազմակերպությունը պահանջել է վերացնել քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը և գործն ուղարկել նոր քննության: 2014 թ. դեկտեմբերի 26-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրությունը, որով հայտնում են, որ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը նախաքննության նկատմամբ դատական ղեկավարումն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է»,- գրում է կայքը: