Հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այլևս դրանք Սերժ Սարգսյանին պետք չեն: Նման կարծիք այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ արտահայտել է «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը:
«Հայ-թուրքական արձանագրություններն ի հայտ եկան, երբ ՀՀ այսօրվա իշխանությունները շատ թույլ էին: Դա 2008 թվականից հետո էր, երբ Մարտի մեկին մարդկանց վրա կրակելու շնորհիվ իշխանության էր եկել Սերժ Սարգսյանը և չուներ բացարձակապես ոչ մի հենարան՝ ոչ ներսում, ոչ դրսում»,- ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները ցանկանում էին արձանագրությունների միջոցով դրսում լեգիտիմություն ձեռք բերել և հասան դրան: «Այս արձանագրություններն իրենց համար ոչ մի արժեք չունեն, Սերժ Սարգսյանն արդեն որոշակի չափով ամրապնդվել է, դրանց կարիքը չկա: Դրանք ծառայում էին ոչ թե հայ-թուրքական հարաբերություններին, այլ՝ քաղաքական էլիտային: Ծառայությունը կատարեցին, դրանք այլևս պետք չեն»,- ասել է իրավապաշտպանը:
Քննարկմանը մասնակցող «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ կարծիք է հայտնել, որ արձանագրությունները վաղուց պետք է հետ կանչվեին: Ըստ նրա՝ առավել ևս Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին պետք չէր թույլ տալ, որ Թուրքիան շահարկի արձանագրությունները:
Դանիելյանի խոսքով՝ արձանագրությունները հենց այս ժամանակահատվածում հետ կանչելն ունի նաև նպատակ ինֆորմացիոն իրադարձություն ստեղծել և հանրությանը շեղել այլ ներքաղաքական զարգացումներից: