Home / Տեսանյութեր / Իր երեխային վերադարձնելու համար պայքարող կինը ակցիա է անցկացրել դատախազության մոտ

Իր երեխային վերադարձնելու համար պայքարող կինը ակցիա է անցկացրել դատախազության մոտ

Քաղաքացի Նարինե Նիկողոսյանը, ով պայքարում է իր երեխային վերադարձնելու համար, դժգոհ է քննիչի գործողություններից, ով, կնոջ խոսքերով, իր բողոքին պատշաճ ընթացք չի տվել։ Այսօր ՀՀ դատախազության շենքի մոտ Նիկողոսյանը և կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով բազմակողմանի քննություն ապահովել:

Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանը պնդում է, թե քաղաքացի Էդիսոն Ադյանը, օգտվելով իր անօգնական վիճակից, առևանգել է իր նորածին երեխային, հայրությունը ճանաչելու մասին փաստաթղթեր է ստորագրել տվել և այժմ հրաժարվում է մորը վերադարձնել արդեն 1.5 տարեկան երեխային:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդել են, որ ՀՀ դատախազությունը Նիկողոսյանի բողոքին պատշաճ ընթացք չի տվել, արդյունքում՝ ոստիկանության քննիչը հանցակազմի բացակայության հիմքով կարճել է գործը: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Նիկողոսյանը, մասնավորապես, ասել է, որ քննիչը խոսել է երեխայի իրական կենսաբանական հոր հետ, սակայն նրա վկայությունները հաշվի չի առել, ԴՆԹ անալիզ անցկացնելու մասին որոշում չի կայացրել, որևէ քայլ չի ձեռնարկել՝ բացահայտելու, թե ինչ հարաբերությունների մեջ են եղել կողմերը, չի հարցաքննել նույնիսկ բժիշկ Հրաչ Կալուստյանին, ով, ըստ Նիկողոսյանի, ծանոթացրել է իրեն Ադյանի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները մի քանի պաստառ էին պահել՝ «Մի թողեք երեխային հանցագործների մոտ», «Մի կոծկեք ճշմարտությունը», «Պահանջում ենք ԴՆԹ անալիզ», «Վերադարձրեք երեխայի մանկությունը»:

1narineprotest

Վերոնշյալ խնդիրները բարձրացնելու համար ակցիայի մասնակիցները հանդիպում են խնդրել դատախազության որևէ իրավասու աշխատակցի հետ: Շենքը հսկող ոստիկանները նրանց պատասխանել են, որ դատախազությունից պահանջել են հանդիպում խնդրելու մասին գրավոր դիմում ներկայացնել: Ակցիայի մասնակիցներն ասել են, որ իրենց հանդիպումը շտապ է, քանի որ գործով հաջորդ դատական նիստը նշանակված է վաղը: Ի վերջո, դատախազությունից ներս են հրավիրել Նիկողոսյանին և նրա պաշտպանին: Դատախազության ներկայացուցիչները խոստացել են, որ հսկողության տակ կպահեն գործի քննությունը։