Երևանի բնակիչ 35-ամյա Ն. Ն.-ի երեխային ծնվելուց 3 օր հետո՝ ծննդատնից դուրս գրվելուց րոպեներ անց, գողացել են: Դեպքի մանրամասները ներկայացնում է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի հետաքննող լրագրող Նելլի Բաբայանը։
Լրագրողի հետ զրույցում Ն. Ն.-ն պատմել է, որ հղիացել է արտամուսնական կապից, որոշել է դիմել նախկին ամուսնու (ամուսինը մահացած է) ծանոթ բժշկին՝ Հրաչ Կալուստյանին, որը ևս, մինչ երեխայի ծնվելը, մեծ վստահություն էր վայելում կնոջ մոտ:
«Ամուսնուս մահից հետո միակ մարդն էր բժիշկը, որին ընդունում էի իբրև լավ ընկեր, միշտ ինչ-որ խորհուրդներով օգնում էր ինձ: Իսկ երբ իմացա, որ հղի եմ, վախեցած էի, շփոթված, չգիտեի ինչ անել: Մի պահ որոշել էի, որ աբորտ պիտի անեմ, որովհետև երեխայի հայրն ասել էր, որ պատրաստ չէ: Աբորտի համար էլ դիմեցի բժիշկ Կալուստյանին, որի հետ Հանրապետական հիվանդանոցում ինձ պատրաստեցին աբորտի: Մի որոշ ժամանակ հիվանդասենյակում մենակ մնալուց հետո հասկացա, որ ես չեմ ուզում հրաժարվել իմ երեխայից, ու Կալուստյանին ասացի այդ մասին: Նրա խորհրդով երեխայի հորը խաբեցինք, որ իբր վիժեցում առաջացնող դեղ եմ խմել ու վիժել եմ: Բայց այդ օրը բժիշկն ինձ ասաց․ «Լավ որոշում ես կայացրել, գիտեմ քո սոցիալական վիճակը, եթե կուզենաս, մարդիկ կան, որ կարան երեխային վերցնել», – պատմում է Ն. Ն.-ն:
Կնոջ ներկայացմամբ՝ մինչ հղիանալն ու հղիության մի քանի ամիսներին ապրել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, որտեղ նրան որպես այդտեղի աշխատող տնօրինությունն ընդառաջել է և հենց աշխատողների համար նախատեսված սենյակ է տրամադրել: Ն. Ն.-ն խնդիրներ ունենալով հարազատների հետ՝ լքել էր Երևանում գտնվող հայրական տունն ու ապրում, աշխատում էր այդ հյուրանոցում, մինչև որ վերանորոգման աշխատանքներ սկսվեցին, ու կինը ստիպված պետք է դուրս գար սենյակից, աշխատանքից՝ ևս: Եվ որպես այս աշխարհում միակ ընկեր՝ կինը նորից օգնության համար դիմում է բժիշկ Կալուստյանին՝ որևէ կացարան գտնելու համար:
Ն. Ն.-ն պատմում է, որ բժիշկն առաջարկում է իր ծանոթներից մեկին պատկանող Աբովյան քաղաքում բնակարանի մի սենյակում ապրել անվճար: Իր նոր կացարանի հետ ծանոթանալու օրն էլ այս կինը ծանոթացել է այն անձի հետ, որը, Ն. Ն.-ի պատմելով, երեխային գողացել է։ Դա Էդիսոն Ադյանն է եղել:
Կինը պատմում է, որ ծանոթության հենց առաջին պահից էլ Ադյանն իրեն դրսևորել է որպես պարկեշտ ու սրտացավ մարդ, ուստի այս հղի կնոջ մոտ որևէ կասկած չի առաջացել, որ այս բարերարը «աչք է դրել» դեռ չծնված երեխայի վրա․ «Մի քանի ամիս այդ բնակարանում ապրելու ընթացքում Ադյանը երբեմն գնում-գալիս էր, ես ֆինանսական վատ վիճակում էի, ոչ ոք չունեի, մայրս հաշմանդամ է, խուլ-համր, իր մոտ չէի կարողանում սիրտս բացել, բացի դա՝ նրան չէի կարողանում հաճախ տեսնել, քրոջս հետ ընդհարված էի ու տուն չէի կարողանում գնալ: Ինձ բժիշկն էր օգնում, ամիսը մեկ 15-30 հազար դրամ գումար էր տալիս, խոստացել էի, որ վերադարձնելու եմ: Բժիշկը մի օր խոստովանեց, որ այդ գումարներն Ադյանն է տվել»:
Ն․Ն․֊ի պատմելով՝ մինչև երեխայի ծնվելը 2-3 անգամ նրան ակնարկ են արել, որ իբր ծննդաբերելուց հետո փոքրիկին տալու է Ադյանին. կնոջ պնդմամբ՝ ինքը չի համաձայնել:
Երեխայից հրաժարվելու ակնարկ նաև բժիշկ Կալուստյանն է արել իր աշխատասենյակում։ Երբ հղի կինը բորբոքված փորձել է պարզել, թե ինչ ակնարկներ են անում, բժիշկ Կալուստյանն ասել է․ «Բա քո վրա էդքան փող են ծախսել, համարյա 1000 դոլար, բա ի՞նչ ես ուզում, բա էն որ հիվանդանոց էիր պառկել, դեղերը և այլն»: Ն. Ն.-ի խոսքով՝ այդ ժամանակ ինքը չգիտեր, որ հղիների բուժումն անվճար է․ «Ասացի, որ ես էդ փողերը կվերադարձնեմ, ու բժիշկն ասաց՝ դե լավ, հանգստացի, բան չկա, ու Էդիսոնին ասաց, որ ինձ տուն տանի: Անկեղծ ասած, ես մի քիչ հանգստացա, մտածեցի, որ էլ նման թեմա չեն բացի, որովհետև հստակ «ոչ» էի ասել»:
Լրագրողի այն հարցին՝ մի քանի անգամ երեխայից հրաժարվելու ակնարկներն արդյոք հիմք չէի՞ն հասկանալու, որ պետք չէ այդ մարդկանց վստահել, կինն ասում է. «Մտքովս չի անցել, որ այս դարում կարելի է երեխա գողանալ, կամ էլ ո՞նց պիտի ուրիշի երեխային վերցնեն տանեն»:
Բժիշկը որոշել էր նրա ծննդաբերությունն արագացնել, ու կնոջ վստահեցմամբ՝ ինչ-որ դեղահաբ է տվել, որն օգտագործելուց ժամեր անց կնոջ մոտ ծննդաբերական ցավերը սկսվել են, ու 2013 թվականի հունիսի 12-ին «Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոնում ծնվել է Արթուրը։
Էդիսոն Ադյանը, թե ծննդաբերելու և թե դուրս գրվելու օրը հիվանդանոցում ներկայացել է որպես երեխայի հայր։ Ն. Ն.-ն պատմում է, որ ծննդատանն ասել էին՝ իբր երեխան վատ է, և առաջին օրը թույլ չեն տվել տեսնել նրան: Հետո, երբ բուժանձնակազմի հերթափոխը փոխվել է, կարողացել է մի քանի ժամ շփվել իր փոքրիկի հետ: Այդ ժամանակ բժիշկ Կալուստյանը զանգահարել է Ն. Ն.-ին ու ասել, որ ինչ-որ փաստաթղթեր է ուղարկում, որպեսզի ծննդկանն արագ ստորագրի, դա երեխայի ծննդականի համար է, կինը ստորագրել է: Դրանից հետո Էդիսոն Ադյանը փոքրիկի ծննդականում որպես հայր գրանցել է տվել իր անունը, ծննդականում գրված է՝ Արթուր Էդիսոնի Ադյան:
Հուլիսի 15-ին կնոջը հիվանդանոցից դուրս են գրել, Ադյանն իր բարեկամուհու հետ Ն. Ն.-ին հիվանդանոցում դիմավորել է, առաջարկել է մեքենայով ուղեկցել։ Կինն առանց որևէ վատ բան կասկածելու՝ համաձայնել է ու նստել մեքենան: Հետո մեքենան կանգնեցրել են՝ պատճառաբանելով, թե Կալուստյանը պետք է տեսնի Ն. Ն.-ին, ու հրաժարվել են երեխային տալ մորը՝ վստահեցնելով, որ նա մինչեւ բժշկի հետ զրուցի վերջացնի, իրենք երեխային կպահեն, բայց երբ կինը մեքենայից իջել է, մեքենան արագ տեղից շարժվել է:
Շփոթված կինը դիմել է Կալուստյանին, որը նրան վստահեցրել է, թե մի քիչ կսիրեն երեխային, հետ կբերեն, ապա չուշացնելով՝ հենց այդ նույն օրը Ն. Ն.-ին տարել է Շենգավիթի նոտարական գրասենյակ ու նրան համոզել ստորագրել մի թղթի վրա, որով կինն ակամայից իր երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել է Էդիսոն Ադյանին:
«Ես շատ վատ վիճակում էի, չէի կողմնորոշվում, թույլ էի, չէի գիտակցում՝ ինչ եմ անում, ուշք ու միտքս երեխան էր՝ ո՞ւր տարան, սոված է, ե՞րբ կբերեն, մեկ էլ նոտարի մոտ ինչ-որ բան են կարդում՝ իբր երեխայի խնամքը հանձնում եմ հորը: Հարցեր էի տալիս Կալուստյանին, նա վստահեցնում էր՝ բան չկա, ստից բան է, մի անհանգստացի»,- պատմել է Ն. Ն.-ն:
Նելլի Բաբայանը նշում է, որ արդեն մեկ տարուց ավելի կինը պայքարում է իր երեխային գտնելու համար, իսկ Արագ Արձագանքման խմբի առայժմ չի հաջողվում կապ հաստատվել Էդիսոն Ադյանի հետ, ով, Ն. Ն.-ի խոսքերով, Հայաստանում չէ։
«Մենք փորձեցինք կապվել բժիշկ Կալուստյանի հետ, «Դավիթ Անհաղթ» բուժհիմնարկից մեզ վստահեցրին, որ նա այլևս իրենց մոտ չի աշխատում: Ն. Ն.-ի փաստաբանը մեզ վստահեցրեց, որ Կալուստյանն էլ հանրապետությունում չէ: Թե իրավական ինչ քայլեր է ձեռնարկել Ն. Ն.-ն իր՝ արդեն 1 տարին լրացած Արթուրին վերադարձնելու համար՝ կանդրադառնանք առաջիկայում», ֊ հոդվածը եզրափակում է լրագրողը:
Հոդված ամբողջությամբ՝ այստեղ