Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մարտի 7-ին տեղի Թատերական հրապարակում գյումրեցիների և շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը խափանելու համար։ Այս մասին Epress.am-ին հայտնել է «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Մարտի 7-ին շարժումը մտադիր է կազմակերպել ավտոերթ, որի ճանապարին կանգ է առնելու Գյումրիում և հանդիպում է ունենալու քաղաքացիների հետ:
«Սկզբում քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով ներկայացված մեր՝ հանդիպում անցկացնելու իրազեկումը մերժել էր այն պատճառաբանությամբ, որ այդ օրը «Ժառանգություն» կուսակցությունն արդեն իրազեկել է նույն տեղում հավաք անցկացնելու մասին: Այնուհետև, երբ «Ժառանգությունը» մեր խնդրանքով պաշտոնապես հրաժարվել է իր հավաքն անցկացնելուց, քաղաքապետարանը մերժել է մեր իրազեկումը վերանայելու դիմումը՝ պատճառաբանելով, որ նույն տեղում և նույն ժամին կազմակերպվում է մանկապատանեկան միջոցառում, ինչի համար քաղաքապետարանը համապատասխան խնդրանքով նախապես դիմել էր «Ժառանգություն» կուսակցությանը։ Ինչևէ, ես զանգեցի «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանին, ով ասաց, որ իրենք ոչ մի նման խնդրանքով չեն դիմել»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ «Հիմնադիր խորհրդարանը», այնուամենայնիվ, չի ցանկանում խոչընդոտել երեխաների համար կազմակերպված միջոցառումը և հավաքը վայրը փոխել է. այն տեղի կունենա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգում: