Ֆինանսների նախարարությունը երեկ այդպես էլ չի պատասխանել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հարցմանը, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումներ են անցկացվում։ Թերթը խնդրել է տրամադրել Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների ցանկը, ինչպես նաև խնդրել է նշել, թե որտեղ են չարաշահումներ հայտնաբերվել։
«ՀԺ»֊ն հիշեցնում է, որ փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ասել էր, որ Ծառուկյանի չվճարված հարկերի մասին լուրերը պետք է ստուգվեն, բացի դա, կարգադրել էր ԱԺ֊ում քայլեր ձեռնարկել՝ Ծառուկյանի բացակայությունների հետ կապված «անհեթեթ վիճակին» վերջ տալու համար։
«Դատելով այս ընթացքից՝ մի որոշ ժամանակ անց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ևս լրագրողներին ու հանրությանը ասելու ոչինչ չի ունենալու այնպես, ինչպես այսօր չունի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը», ֊ եզրակացնում է թերթը։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մարտի 5-ին պաշտոնապես հայտարարել է ակտիվ քաղաքականությունը լքելու մասին։