Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում ՀԴՄ֊ների կիրառմանը վերաբերող մի քանի օրենսդրական պահանջներ և կառավարության որոշումներ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը «Առևտրական ապոկալիպսիս» հոդվածում նկարագրում է, թե ինչ խնդիրների դա կարող է հանգեցնել։
Հոդվածագիրը նշում է, որ եթե մինչև 2015 թվականի ապրիլի մեկը հնարավոր էր խանութում մի քանի անուն ապրանք գնել, իսկ գնելուց հետո, օրինակ, նույն գինն ունեցող «Մատնաքաշ» հացը փոխարինել «Հրազդան» հացով, ապա ապրիլի 1-ից հետո այդ գործընթացը մի քանի անգամ բարդանալու է.
«Դուք մտնում եք խանութ, խնդրում եք վաճառողին տալ ձեզ 1 կգ մակարոն, 1 հատ «Մատնաքաշ» հաց, մի հատ «Սնիքերս», մի հատ «Մարս», մի հատ ծամոն, մի հատ լուցկի․․․
…Ամեն ինչ նախկինի պես է լինելու մինչև գալիս է վճարման և ՀԴՄ կտրոն ստանալու պահը։ Այստեղ իրավիճակը կտրուկ փոխվում է, Ձեր ուզած յուրաքանչյուր ապրանքի համար վաճառողը ՀԴՄ֊ի վրա պետք է հավաքի տվյալ ապրանքի կոդը»։
Նշված կոդը պետք է ունենա առնվազն 4 նիշ։ Ուրեմն՝ եթե դուք գնում եք 10 անուն ապրանք, վաճառողը պետք է առնվազն 40 թվանշան հավաքի ՀԴՄ֊ի վրա։ «Սա արդեն մի ամբողջ գործընթաց է։ Բայց սա դեռ հեչ։ Հավաքեց֊վերջացրեց, տպեց ՀԴՄ կտրոնը, փողը վերցրեց, ու հանկարծ, դուք, ինչպես նկարագրել էինք վերևում, հանկարծ փոշմանում եք, որ գնել եք «Մատնաքաշ», այլ ոչ թե «Հրազդան», ու խնդրում եք փոխել։ Ահա այստեղ է, որ սկսում է իսկական կինոն»,֊ շարունակում է հոդվածագիրը։
Կառավարության երեկվա նիստում ընդունված «ՀԴՄ շահագործման կանոններ» անվանումը կրող փաստաթղթի համաձայն, հացը փոխելը պետք է իրականացվի հետևյալ «արարողակարգով»։ Վաճառողը պետք է ետ ընդունի գնված «Մատնաքաշը»։ Դա կատարվում է հետևյալ կերպ։ Ըստ վերը նշված «ՀԴՄ շահագործման կանոններ»֊ի 18 կետի բ) ենթակետի, խանութը «գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ժամանակ վերադարձի ձևակերպման ժամանակ վերադարձի ձևակերպման պահին, գնման չեկի հիման վրա կազմում է վաճառված ապրանքների հետընդունման ակտ․․․»։ Այդ ակտը ասվածը մի ամբողջ էջանոց փաստաթուղթ է, որը պետք է մանրամասնորեն լրացվի։ Այսպես, ակտում պետք է նշվեն խանութի անվանումը, հարկային կոդը, հասցեն, հարկային տեսչությունում գրանցման համարը, ապրանքի վերադարձման պատճառը, ապրանքի անվանումը, քանակը (թվերով և տառերով), միավորի գինը (թվերով և տառերով), ամբողջ գինը (թվերով և տառերով), հետ ընդունված ապրանքի համար տրված կտրոնի համարը, տպելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը․․․ Փաստաթղթի տակ պետք է ստորագրի խանութի ղեկավարը, խանութի գլխ․ հաշվապահը և գնորդը։
«Ակտը լրացրեցիք և ձեզ թվում է, թե վե՞րջ, կարող եք հեռանա՞լ։ Ամենևին։ Դեռ գործ ունեք անելու։ «ՀԴՄ շահագործման կանոններ»֊ի նույն 18 կետի գ) ենթակետի համաձայն, «գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ակտի հիման վրա ՀԴՄ֊ի միջոցով տպվում է վերադարձի չեկ, որը ներառում է ՀԴՄ֊ի գրանցման և գործարանային համարները, ՀՎՀՀ֊ն, հետ ընդունվող ապրանքների գինը, օրը, ամիսը, տարեթիվը և ժամը, ինչպես նաև «Վերադարձ» նշագրումը»,֊ գրում է Գևորգյանը՝ հավելելով, որ եթե գնել եք 10 հատ ապրանք և որոշել եք վերադարձնել միայն հացը, ապա այստեղ գործողության մեջ է մտնում դ) ենթակետը, համաձայն որի՝ «եթե հետ է ընդունվում գնման չեկով գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի չեկը տպվում է հետ ընդունվող ապրանքների համար վճարված գումարի չափով։ Կազմակերպությունում պահպանվում է գնման չեկի պատճենը։ Գնման չեկի բնօրինակի և պատճենի վրա հետ ընդունված ապրանքների համար վճարված գումարի դիմաց կարմիր գույնով կատարվում է «Վերադարձված է» գրառումը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում