ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը, անդրադառնալով իր հրամանատարության տակ գտնվող զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ կատարվածում բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն։ Վթարի հետևանքով զոհվել էր վարորդը՝ Արտյոմ Թորոսյանը։ Մահացած զինվորի հայրը՝ Գերասիմ Թորոսյանը, թերթի հետ զրույցում ասել էր, որ վթարը տեղի է ունեցել «Ուրալին» ամրակցված հրանոթի պոկվելու պատճառով։ Ավելի ուշ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր, թե ծառայողական քննությունը պարզել է՝ «տեխնիկական խնդիր է եղել, որն առաջացել է մեքենայի վարման ընթացքում»։
«Ժողովուրդ»֊ի հետ զրույցում Հրայր Աթոյանն ասել է, որ տեխնիկական անսարքության համար առաջինը պատասխանատվություն էր կրում վարորդը։
«Մնացած հարցերը կպարզի քննությունը», ֊ ասել է հրամանատարը։
Թղթակցի այն հարցին թե՛ ինչպես մեկ զինվորը կարող էր պատասխանատվություն կրեր մի հսկայական մեքենայի տեխնիկական վիճակի համար, Աթոյանը պատասխանել է, թե ոչ միայն վարորդն էր պատասխանատվություն կրում։
֊ Դուք՝ որպես հրամանատար, փորձե՞լ եք կատարվածից հետո պարզել, թե արդյո՞ք մեքենան, մինչ զորավարժությունների մեկնելը, սարքին վիճակում եղե՞լ է, թե ոչ։
֊Զորավարժության գնալուց առաջ անձամբ եմ տեխզննում անցկացրել, ցուցադրական պարապմունքներ ենք արել, թե ինչպես են անձնակազմի հետ տեխնիկական զննում։ Զորավարժությունների հետ գալուց էլ պետք է այդ տեխզննումը կատարվեր։ Վստահ կարող եմ Ձեզ ասել, որ զորավարժությունների հետ վերադառնալուց հետո մեքենան տեխզննում անցել է, և որևէ խնդիր մեքենաների հետ կապված չի եղել։ Զորավարժությունների վայրում 5 խումբ եմ ունեցել, որոնք աշխատել են, նայել են մեքենաները՝ ավտոծառայության պետը, իմ տեղակալը։
֊Նշեցիք, որ զորավարժությունների գնալուց, հետ վերադառնալուց առաջ մեքենաները մանրակրկիտ տեխզննում են անցել, բայց փաստն այն է, որ մեքենան շրջվել է, և մեկ զոհ ունեցանք։Դուք Ձեր մեղքի բաժինը զե՞ք տեսնում կատարվածում։
֊Ես այն հրամանատարը չեմ, որ ամեն ինչ զինվորի վրա գցեմ, թող Ձեզ մոտ նման կարծիք չկազմվի, թող այդ կարծիքը Ձեր մեջից վերանա, մանավանդ, երբ իմ զինվորը չկա։ Երկրորդը՝ հրամանատարությունը զինվորին չի մեղադրում, ուղղակի զինվորը մասնագիտորեն տեղյակ է [մեքենայից]։ Եթե դուրս գալուց առաջ մեքենան խնդիր չի ունեցել, ուրեմն խնդիրը ճանապարհին է առաջացել։ Ինչ խոսք, կատարվածում բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք։ Իրավապահներն աշխատում են, տեսնենք՝ ինչ կպարզվի։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում