Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 14-ին մասնակիորեն բավարարել է Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի և ընդդեմ թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի։ Քաղաքացիները դատարանից պահանջում էին ճանաչել, որ ԶԼՄ֊ն իր հրապարակումներից մեկով ատելության քարոզ է արել իրենց նկատմամբ։ Բացի դա, հայցվորները պահանջում էին թերթին պարտավորեցնել հերքում տպել, հրապարակել դատարանի վճիռը, 3֊ական միլիոն դրամ փոխհատուցել յուրաքանչյուր քաղաքացուն հասցված վնասի համար։
Ինչպես Epress.am֊ին հայտնել է հայցվոր Արման Սահակյանը, դատավոր Արայիկ Մելքոնյանը չի բավարարել հայցը դատարանի վճիռը տպագրելու պահանջի մասով միայն, իսկ դրամական փոխհատուցման չափը սահմանել է 250.000 դրամ յուրաքանչյուր հայցվորին։
Արման Սահակյանը նշել է, որ հաճելիորեն զարմացած է, քանի որ չէր սպասում նման վճռի «Իրավունք» թերթի դեմ։
Հիշեցնենք, որ գործը վերաբերվում է 2014թ․ հուլիսի 11-ին «Իրավունք» թերթի «Լկտիություն առանց սահմանների» բաժնում լույս տեսած «Կոնչիտայի վկաների հերթական եռյակը միացավ ազատ խոսքի դեմ հալածանքներին» հոդվածին, որտեղ ատելության քարոզ էր տարածվել «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության 3 աշխատակիցների` Արման Սահակյանի, Հովհաննես Մկրտչյանի և Գրիգոր Գևորգյանի նկատմամբ, հրապարակվել էին նրանց անձնական կյանքի մանրամասները։
Ավելի վաղ առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները մերժել էին «Իրավունք» թերթի դեմ մեկ այլ հայց, որը ներկայացրել էին 16 քաղաքացիներ։ «Իրավունք» թերթը 2014թ. հոդված էր հրապարակել «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով, որում ներկայացված էր 60 անձանց անուններից բաղկացած սև ցուցակ` կոչ անելով այդ մարդկանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն ցուցաբերել», աշխատանքի չընդունել, հեռացնել պետական ծառայությունից ու տեսնելիս չբարևել: Առաջին ատյանի դատարանը հայցվորներին պարտավորեցրել էր փոխհատուցել թերթի և խմբագրի դատական ծախսերը։
Լուսանկարում՝ Հովհաննես Գալաջյանը և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ տնօրեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը