Home / Հայաստան / Աշոտյանը պատգամավորին խոստացել է՝ «Նաիրիտի» աշխատակիցների երեխաները բուհերում խնդիրներ չեն ունենա

Աշոտյանը պատգամավորին խոստացել է՝ «Նաիրիտի» աշխատակիցների երեխաները բուհերում խնդիրներ չեն ունենա

«Նաիրիտ» գործարանի որևէ աշխատակցի երեխա ուսման վարձի չվճարման պատճառով բուհից դուրս չի մնացել, որևէ այդպիսի ուսանողի բուհական ուսումնառությունը չի կասեցրել: Այս մասին ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանի հետ զրույցում հայտարարել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 

Երեկ Փաշինյանը հանդիպել է ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի նստացույց անցկացնող նաիրիտցիներին, ովքեր խնդրել են զբաղվել իրենց երեխաների վարձերի վճարման ժամկետի հետաձգման հարցով: Հիշեցնենք, որ ավելի վաղ նաիրիտցիներին վարձերի վճարման ժամկետը հետաձգելու խոստում էր տվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն գործարանի աշխատակիցներն ահազանգել էին, որ ԵՊՀ-ն չի ընդառաջում իրենց երեխաներին: 

Ինչպես Փաշինյանն է երեկ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, Աշոտյանն իրեն հավաստիացրել է, որ եթե հայտնի դառնա որևէ դեպք, որը հակասում է նախարարի տրամադրած տեղեկատվությանը, հարցը նույնպիսի դրական լուծում կստանա: Փաշինյանը նաիրիտցիներին խնդրել է տեղեկացնել նման դեպքերի մասին:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ՀՀ կառավարության շենքի դիմաց երկօրյա նստացույց են արել՝ պահանջելով լուծել իրենց չվաճրված աշխատավարձերի խնդիրը: Երեկվանից նրանք դադարեցրել են նստացույցը և յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի բողոքի ակցիաներ են անցկացնելու ՀՀ նախագահի նստավայրի և կառավարության մոտ: