Անկարան ողջունում է Ռուսաստանի մասնակցությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև վիճահարույց հարցերի կարգավորմանը, սակայն կոչ է անում հայկական կողմին չմիջամտել ռուս֊թուրքական հարաբերություններին։ Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը (լուսանկարում՝ ձախից)։
«Ցավոք, կան շրջանակներ, որոնք շահագրգռված չեն մեր հարաբերությունների զարգացմամբ,֊ ասել է դիվանագետը, ֊ Օրինակ, Ռուսաստանում ու դրա սահմաններից դուրս որոշ հայկական շրջանակներ ունեն այլ տեսանկյուն, դրանք չեն նպաստում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Ավելին, դրանք բացասաբար են ազդում այդ գործընթացի վրա»։
Թուրքիայի դեսպանը հույս է հայտնել, որ արտաքին բացասական ազդեցությունը չի անդրադառնա ռուս֊թուրքական հարաբերությունների վրա։ «Իրականացվում են տարբեր ակցիաներ՝ ուղղված մեր հարաբերություններին վնաս հասցնելուն։ Մենք, սակայն, հավատում ենք, որ դա չի ազդի մեր հարաբերությունների ուղղության ու դինամիկայի վրա։ Այնքան էլ ճիշտ չէ, երբ երրորդ կողմը փորձում է ստվեր նետել մեր երկկողմ հարաբերությունների վրա»,֊ ասել է Յարդիմը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Անկարան «միշտ ուրախ կլինի, եթե ռուսաստանյան կողմը նպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև վիճահարույց հարցերի կարգավորմանը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն որակելուց հետո Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ծավալված սկանդալը շարունակություն ստացավ, երբ պատմաբան Մուսթաֆա Արմաղանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ փակ հանդիպումից հետո հայտարարեց, թե Անկարան մտադիր է հետ կանչել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանին։ Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ Էրդողանը նկատի է ունեցել՝ ինքը մայիսի 9֊ին չի մեկնելու Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Փոխարենը, Թուրքիային տոնակատարություններում ներկայացրել է դեսպան Ումիտ Յարդիմը։