Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի մի խումբ բնակիչներ դիմել են Ապարանի Օրհուս կենտրոն, բնապահպանական մի շարք ՀԿ-ների և անկախ փորձագետների՝ ահազանգելով գյուղի մոտ գտնվող ոսկու հանքավայրում իրականացվող ինտենսիվ շինարարական աշխատանքների վերաբերյալ:
Օրհուս կենտրոնի հայաստանյան գրասենյակի կայքը նշում է` մելիքգյուղցիները վրդովված են այն հանգամանքով, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ֊ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման փոփոխված աշխատանքային նախագծին դեռևս 2014 թ.-ի դեկտեմբերի 11-ին ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) փորձաքննության արդյունքում բացասական եզրակացություն է տրվել, սակայն այսօր, առանց համայնքի կարծիքը լսելու և բնակիչներին տեղեկացնելու, սկսվել են հանքի շահագործման շինարարական աշխատանքներ:
Ապարանի Օրհուս կենտրոնը նշում է, որ խնդրի հետ կապված հարցումներ է ուղղել համապատասխան կառույցներին մանրամասն տեղեկատվություն ստանալու վերաբերյալ: