Հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոն սուր աղիքային ինֆեկցիայով տեղափոխված երեխաներից մեկը մահացել է, մյուս 2-ի վիճակը կայուն է, անցած գիշեր նրանք գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Երեկ ցերեկը Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն, ինչպես հաղորդում է նախարարությունը, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Ավելի ուշ Արմավիր քաղաքի միևնույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) ևս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Երկուսի վիճակն էլ գնահատվել էր թեթև։
Դրանից հետո Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք է հոսպիտալացվել ևս 2 երեխա` կրկին սուր աղիքային վարակի կասկածով։
Երեկ ռեանիմոբիլով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա` Նորապատ գյուղից։ Նա կոմայի մեջ է եղել, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Համակարգչային տոմոգրաֆիական հետազոտության արդյունքում ախտորոշվել է ուղեղի այտուց։ Երեխային զննել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը։ Նրա մասնակցությամբ գիշերը կազմակերպվել է կոնսիլիում։ Վիրահատության կամ որևէ այլ միջամտության անհրաժեշտություն չի եղել։ Նախարարության հաղորդագրության համաձայն, Երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։