Հյուսիսային պողոտայի հին շենքերի բնակիչներն իրենց դեմ դատարանի կայացրած վճռի հրապարակումից հետո ստորագրահավաք են սկսել՝ իրենց շենքերը պահպանելու պահանջով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Տերյան 23 շենքում բնակվող, բնակիչների բողոքի ակցիաների մասնակից Վարդան Գերավետյանը:
Ստորագրահավաքն անցկացվում է ամեն օր՝ Հյուսիսային պողոտա-Տերյան խաչմերուկի մոտ: Մինչ այժմ ստորագրահավաքին միացել է 8000 քաղաքացի:
Հիշեցնենք, որ դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր, գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոփերս» ընկերության հայցը՝ պարտավորեցնելով Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) շենքում բնակվող Հեղինե Ուդումյանին և Կիմա Վարդանյանին երկամսյա ժամկետում լքել իրենց բնակարանները։ Նմանատիպ այլ գործեր դեռևս գտնում են դատարանի վարույթում, և բնակիչները վախենում են, որ այս վճիռը նախադեպային կլինի մյուս գործերի համար:
Իրենց բնակարանները պահպանելու համար պայքարում են Տերյան 23, 25, Լալայանց 37 հասցեների ավելի քան 25 բնակարանատերեր:
Խնդրո առարկա շենքերը Հյուսիսային պողոտայի վերջին հին կառույցներից են։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք տվյալ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, և այդ հատվածում բնակվող շենքերի և տների բնակիչների մեծ մասը բռնի կերպով տեղահանվել է։ Նրանք հրաժարվում էին լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, որը մի քանի անգամ ավելի ցածր է եղել, քան Երևանի կենտրոնում տարածքների գինն էր։ Այնուամենայնիվ, Հյուսիսային պողոտայի ներկայիս տարածքի գրեթե բոլոր հին շենքերը քանդվել են, իսկ բնակիչները տեղահանվել են։