Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանների կիրառած բռնությունից տուժած նստացույցի մասնակից, 17-ամյա Մերի Համզյանը դեպքի վայրից միանգամից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Նրան դատաբժիշկ չի այցելել։
Մերի Համզյանը տուժել է և՛ ջրցան մեքենայի գործողություններից, և՛ մահակներով ծեծի ենթարկվելու հետևանքով: Հելսինկյան Ասոցիացիայի նկարահանող խումբը այցելել է Մերիին հիվանդանոցում:
«Գրիգոր Լուսավորիչ» է տեղափոխվել տուժած Աստղիկ Աղեկյանը և նրա դուստրը՝ Մարիան: Աղեկյանը պատմել է, որ իրեն ծեծել են և՛ բերման ենթարկելիս, և՛ ոստիկանական մեքենայի մեջ:
«Հետևն (նկատի ունի նստացույցի մասնակիցների թիկունքում) ամբողջությամբ օպերներ ու քաղաքացիական հագուստով ոստիկաններ բերեցին: Հենց ջրցանը տվեց, հետևից էլ սրանք հարձակվեցին: Ամոթ է ասելը՝ հարձակվում էին տղա երեխեքի վրա, ամորձիներից սեղմում էին, տալիս էին վզին, տանում էին»,- ասել է Աղեկյանը:
ՀՀ առողջապահության նախարարության համաձայն, ընդհանուր առմամբ, հիվանդանոց է տեղափոխվել 25 անձ։
Հիշեցնենք, որ նստացույց մասնակիցները պահանջում էին նվազեցնել Էլեկտրաէներգիայի սակագինը։ Հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ այն բարրձացել է 6.93 դրամով՝ հասնելով 48.78֊ի։