Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն (սելեկտիվ աբորտներ) արգելող օրենքի նախագիծը թեև որոշակի վտանգներ ու ռիսկեր է պարունակում, դրական փոփոխութուններ ակնկալելու հիմքեր, այնուամենայնիվ, տալիս է։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը։
ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ին հավանության էր արժանացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով արգելվելու է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը։ Օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով՝ քննարկման։
«Օրենքի նախագծի իրավական կարգավորման մասին խոսելիս պետք է հասկանանք, թե այս կամ այն լուծումը որքանով է հաշվի առնում խնդիրը ծնող պատճառները։ Եթե լուծումը պատճառներին ուղղված չէ, հարց է՝ թե որքանով է այն արդյունավետ», ֊ ասել է Վահան Ասատրյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը 3 հիմնարար պատճառ ունի։ Առաջինը ծնելիության ցածր մակարդակն է, որը լուրջ խնդիր է և որի լուծմանն օրինագիծն ուղղված չէ։
2-րդ պատճառը հայկական ընտանիքներում տղա երեխայի նախընտրությունն է, ինչին, ըստ Ասատրյանի, օրինագիծը փորձում է լուծում առաջարկել։
3-րդ պատճառը բժշկական տեխնոլոգիաներն են, որոնք թույլ են տալիս 12 շաբաթից էլ շուտ որոշել պտղի սեռը։ Ասատրյանի խոսքով՝ լուծումներն այստեղ բարդանում են այնքանով, որ տեխնոլոգիաները օրեցօր զարգանում են, և կինը կարող ա ավելի վաղ շրջանում տեղեկանալ երեխայի սեռի մասին ու ընդհատել հղիությունը։
Ասատրյանը նշել է՝ քանի որ նախագիծը քննարկվելու է ԱԺ֊ում, այն կարող է փոփոխությունների ենթարկվել, և կարևոր է թույլ չտալ, որպեսզի կնոջ՝ աբորտի իրավունքի պարագայով էական սահմանափակումներ մտցվեն։
«Ցանկացած պատճառաբանությամբ հղիության արհեստական ընդհատումների ազատական կարգավորումը հստակեցնելու փորձ կատարելն ուղեկցվում է անհարկի սահմանափակումների վտանգով։ Իսկ սահմանափակումը ռիսկեր է պարունակում ոչ անտվանգ աբորտների ուղին ընտրելու, որը տանում է մայրական մահացության։ Աշխարհի 80-ից ավելի երկրներում օրեսդրությունը աբորտների վերաբերյալ ազատական է, այդ թվում՝ Հայաստանում։ Պետք է հնարավորություն չտանք օրենքում ավելի ռադիկալ փոփոխություններ մտցնել», ֊ ասել է Ասատրյանը՝ հավելելով, որ լուրջ ահմանափակումներ մտցնելը աշխարհի որևէ երկրում արդյունք չի տվել, հակառակը՝ բարձրացել է ոչ անվտանգ աբորտների թիվը, մայրական մահացությունը։