Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կալանքի տակ գտնվող որդին՝ Տիգրան Խաչատրյանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող Խաչատրյանը հենց կալանավորման առաջին օրվանից բուժմասում է գտնվում:
«Հայտնի փաստ է, որ ՔԿՀ-ների բուժմասերում պայմանները շատ ավելի լավն են, քան սովորական խցերում: Եթե խցում կալանավորները շատ են, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ տեղ-տեղ անգամ մահճակալների թվից երկու անգամ ավելի, պայմանները՝ ոչ այնքան բարվոք, ապա բուժմասում հանգիստ վիճակ է, ամեն սենյակում՝ 2-3 հոգի, պայմաններն էլ՝ տանելի:
Ի դեպ, մարզպետի որդու վատ ինքնազգացողության մասին փաստաբանը հայտարարել է երեկ, մինչդեռ նա օրեր շարունակ գտնվում է բուժմասում, հավանաբար, այժմ էլ հող են պատրաստում, որ տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ եթե ստացվի՝ քաղաքացիական հիվանդանոց»», ֊ գրում է թերթը։