Home / Տեսանյութեր / Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածի ձախ աչքը ևս վնասվել է

Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածի ձախ աչքը ևս վնասվել է

Մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում տուժած Հարություն Զաքարյանի ձախ աչքը ևս վնասվել է։ Այս մասին Еpress.am֊ին ասել է ինքը՝ Զաքարյանը, ով ներկայումս գտնվում է Մոսկվայի ակնաբուժական հիվանդանոցներից մեկում։

Զաքարյանի աջ աչքի տեսողությունը չի հաջողվել վերականգնել, չնայած մայիսի 21֊ին նա 5 ժամանոց վիրահատության է ենթարկվել։ Նրա խոսքով՝ աչքի տեսողության համար պայքարել են Ռուսաստանի լավագույն մասնագետները, սակայն ապարդյուն՝ հաշվի առնելով ստացած վնասվածքների լրջությունը։ Նա նշել է, որ այժմ ևս մեկ վիրահատության է պատրաստվում։

«Վիրահատությունն արվում է, որպեսզի գոնե աչքս հնարավոր լինի պահպանել», ֊ ասել է Զաքարյանը։

Նա նշել է, որ ձախ աչքի տեսողությունը, բժիշկների գնահատմամբ, վատացել է 40 տոկոսով ստացված վնասվածքների հետևանքով առաջացած բորբոքումների պատճառով։

Զաքարյանը հրաժարվել է խոսել դեպքի մասին, չի ցանկացել գնահատական տալ նաև քրեական գործի ընթացքին՝ ասելով, որ այս պահին մտածում է միայն իր առողջության մասին, իսկ այլ հարցերին կպատասխանի հետագայում։

Նշենք, որ ԶԼՄ֊ներում տարածված տեղեկատվության համաձայն, մայիսի 2-ի երեկոյան Տիգրան Խաչատրյանը Գորիսում մեքենա վարելիս վիճաբանել է զուգահեռ ընթացող մեքենայի ուղևորների՝ Զաքարյանի և նրա եղբոր հետ։ Երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները գնացել են նշված տարածք, որտեղ նրանց դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ․ եղբայրներին հայհոյել և ծեծի են ենթարկել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով, ձերբակալվածներ մինչ օրս չկան։