Home / Հայաստան / Վարկած են մշակում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ծեծվածներին չի հարվածել․ «Հրապարակ»

Վարկած են մշակում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ծեծվածներին չի հարվածել․ «Հրապարակ»

Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ում մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Սյունիքում, դեռ չեն հարցաքննել, սակայն նրան ծանուցագիր է ուղարկվել, գրում է «Հրապարակը»։ 

Ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Խաչատրյանը Սդղի գյոլ կոչվող վայր է կանչել երկու եղբայրների, որոնք 2013 թվականի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն: Նրանց դիմավորել են մեծ թվով երիտասարդներ․ եղբայրներին հայհոյել և ծեծել են: Եղբայրներից մեծը՝ Մուշեղը, գլխի, քթի և այլ վնասվածքներ է ստացել, իսկ փոքրը՝ Հարյություն Զաքարյանը, կոպի պատռվածք է ստացել և կորցրել է տեսողությունը։ 

Սյունիքի մարզային դատախազությունը ծեծկռտուքի առնչությամբ 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով քրեական գործ էր հարուցել։ 

Հոդվածում նման ծանր մարմնական վնասվածք հասցնելու մասին ոչինչ ասված չէ, մինչդեռ տեսողությու կորցնելը ծանր մարմնական վնասվածք է համարվում։ «Հրապարակը» նշում է, որ մեղմ հոդվածով գործ հարուցելը ենթադրել է տալիս, որ իրավապահները հակված են թեթևացնելու հանցագործների արարքը։

Նախաքննությունը կատարում է քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժինը։ Քննիչը, որը զբաղվում է նախաքննությամբ, եկել է Երևան՝ եղբայրներին և նրանց հարազատներին հարցաքննելու, սակայն նրանք առայժմ հրաժարվել են ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունեն։

Գորիսում օբյեկտիվ ու համակողմանի քննություն իրականացնելու հույսերը քիչ են, իսկ Սուրիկ Խաչատրյանն արդեն ԶԼՄ֊ներում հերքում է իր որդու մասնակցությունը միջադեպին, նշում է «Հրապարակը»։ Թերթի տեղեկություններով՝ իրավապահներն արդեն մշակում են վարկած, որ համաձայն Տիգրան Խաչատրյանը չի հարվածել ծեծվածներից և ոչ մեկին։

Թերթը հիշեցնում է, որ 2013 թվականի հունիսին, երբ մարզպետի տան մոտ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, Տիգրան Խաչատրյանին ձերբակալեցին որպես կրակողի և սպանության մեղադրանք առաջադրեցին, սակայն հետո բաց թողեցին՝ դադարեցնելով նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Բուդաղյանների շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանը «Հրապարակ» հետ զրույցում ասել է, որ նրանք, ովքեր Տիգրան Խաչատրյանին բաց թողեցին, այսուհետ պատասխանատու են նրա կատարած բոլոր նման արարքների համար։

«Սա դեռ սկիզբմն է։ Շուտով կսկսեն ասել, որ հանցագործները Զաքարյաններն են, երևի։ Իսկ դա դեռ սկիզբն է։ Ամեն ինչ սկսվում է այսպես», ֊ մեկնաբանել է Ալումյանը։