Բաքվում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդն այսօր՝ սեպտեմբերի 11֊ին, հրավիրվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն։
Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը Մարդին հայտնել է, որ պաշտոնական Բաքուն խիստ դատապարտում է սեպտմեբրի 10֊ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձևը։
Մամեդգուլիևի խոսքով` բանաձևի ընդունումն ուղեկցվել է ընթացակարգային «թերություններով» ու լիագումար նիստին ներկայացվել է «հապշտապ»՝ առանց հանձնաժողովներում քննարկումների։
«Տվյալ՝ կողմնակալ ու ապակառուցողական բնույթ կրող փաստաթուղթը հարված է հասցնում ԵՄ֊ի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին ու լուրջ խոչընդոտներ ստեղծում հետագա հարաբերությունների հեռանկարների համար»,֊ հայտարարել է փոխարտգործնախարարը։
Բանաձևը, ըստ Մամեդգուլիևի, լի է Ադրբեջանում мարդու իրավունքների իրավիճակի մասին կողմնակաл ու աղավաղված տեղեկություններով և հանդիսանում է Բաքվի վրա քաղաքական ճնշման գործիք։ Նա հավելել է, որ փաստաթղթի որոշ կետեր կրում են վիրավորական բնույթ, ինչը դուրս է էթիկայի նորմերից։
Նպատակային պատժամիջոցների ու վիզային արգելքների կոչերն անհիմն ու որևէ դեպքում չեն կարող ընդունվել, ասել է Մամեդգուլիևը։
Փոխնախարարը նաև ափսոսանք է հայնտել, որ Եվրահանձնաժողովը չի փորձել հակադարձել բանաձևի նախագծի ներկայացմանը քվեարկության, այլ, ընդհակառակը, հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները միայն նպաստել են դրան։
Մարդը, հաղորդագրության համաձայն, խոստացել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փոխանցել Բրյուսել։
Նշենք, երեկ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է բանաձև, որն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել երկրում ձերբակալված քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, իրավապաշտպաններին և լրագրողներին։
Բանաձևը, որը պահանջում է պատժամիջոցներ ու վիզային արգելք կիրառել Ադրբեջանի դատավորների, պաշտոնական անձանց ու քաղաքական գործիչների նկատմամբ, Եվրահանձնաժողովին նաև կոչ է անում անցկացնել երկրի ղեկավարությունում հնարավոր կոռուպցիայի փաստերի բազմակողմանի հետաքննություն։