Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչները տհաճ անակնկալի առաջ են կանգնել․ ԲՀԿ նախկին նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի֊գինու֊օղու կոմբինատ» ընկերության Ամասիայի մթերման կետում նրանց հայտնել են, որ կընդունեն միայն այնքան խաղող, որքան յուրաքանչյուր գյուղացի հանձնել է անցյալ տարի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է խաղող հանձնող գյուղացիներից մեկը, ով չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Նա ընդգծել է, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ շաբաթ այցելել էր մարզ ու խոստացել, որ գյուղացիների խաղողի բերքն ամբողջությամբ մթերվելու է։
Մեր զրուցակիցն ասել է, որ այժմ ինքը և իր նման այլ խաղողագործներ մտածում են՝ ինչ անել մնացած բերքի հետ:
«Ես անցյալ տարի մթերել եմ 2 տոննա խաղող, այս տարի ունեմ մոտ 7 տոննա, քանի որ նոր այգի էլ ունեմ: Գարնանը Գագիկ Ծառուկյանը հնարավորություն ստեղծեց աշխատելու: Շատերի նման ես էլ վերցրեցի նոր այգու համար ձողեր, պարարտանյութ՝ աշունը խաղող մթերելուց հետո վճարելու պայմանով: Այսինքն՝ հիմա ես մոտ 250 հազար դրամ պարտք պետք է տամ, 70 հազար պետք է ծախսեմ խաղողը հավաքելու, բեռնատարով բերելու համար: Եթե հիմա 2 տոննա մթերեմ, ինձ ոչ մի կոպեկ չի մնա»,- ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ մթերման կետի մոտ 500 մետրանոց հերթեր են, ճանապարհի երկու կողմում էլ մեքենաներ են կանգնած: Ամեն մի խաղողագործ իր հերթին սպասում է 2-3 օր:
«Նոր պրակտիկա կա, մեքենաների մոտ ինչ֊որ երիտասարդներ են պտտվում և գումար պահանջում հերթը առաջ քշելու համար: Գետահովիտ գյուղից մի խաղողատեր 30.000 դրամ գումար է տվել ստիպված, որպեսզի իր 4 տոննա խաղողը շուտ մթերվի, քանի որ երեք օր մնալուց հետո [մթերման կետում] ասում են՝ խաղողի որակն ընկել է, պետք է գինը իջեցնես: Այսինքն՝ մեր ամբողջ պրոբլեմը քիչ էր, հիմա էլ խոպանչիներ են հայտնվել, որ այս եղանակով փող են աշխատում»,- ասել է խաղողագործը: