Home / Տեսանյութեր / Դատախազը համարում է՝ եզդի երիտասարդի վնասվածքները «մեղադրանքին չեն առնչվում»

Դատախազը համարում է՝ եզդի երիտասարդի վնասվածքները «մեղադրանքին չեն առնչվում»

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) 3 աշխատակիցներ այսօր դատարանում պնդել են, թե ազգությամբ եզդի Յուրա Ամարյանը (գլխավոր լուսանկարում) ստում է՝ ասելով, որ իրենք ծեծել են նրան և ազգային պատկանելությունը վիրավորող հայհոյանք տվել։ Ամարյանը մեղադրվում է ԴԱՀԿ աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սակայն երիտասարդը պնդում է, որ ԴԱՀԿ աշխատակիցներն են իրեն ծեծել ու հայհոյել՝ «ես քու եզդի լավը»։

«Եթե մենք ծեծված չէինք, ինչո՞ւ շտապ օգնության մեքենան եկավ, մեզ տարավ հիվանդանոց», ֊ գործով որպես վկա անցնող Յուրա Ամարյանի մոր՝ Նազիկ Ամարյանի հարցն անպատասխան է մնացել։

Կինն այսօր ցուցմունք տալուց առաջ նախ դժգոհել է, որ ինքը ոչ թե որպես տուժող է հրավիրվել, այլ որպես վկա։ Ամարյանն ասել է, որ քննիչը իր նախաքննական ցուցմունքից թողել է միայն այն հատվածները, որոնք չեն խանգարում սարքված մեղադրականին, ասել է, որ իր որդուն դատաբժշկական փորձաքննության են ուղարկել դեպքից 3 շաբաթ հետո։

Նազիկ Ամարյանը նաև պատմել է ԴԱՀԿ աշխատակիցների այցի և ծագած վեճի պատճառի մասին․ «Մենք այդ տանը ապրում ենք 27 տարի, մեզ այդ տունը տվել էին, քանի որ մենք մեր տունը կորցրել էինք երկրաշարժի ժամանակ։ Անցյալ տարի ասեցին՝ պետք է դուրս գաք, կտանք 500.000 դրամ։ Մենք խնդրում էինք մեզ մի տեղ տալ, էդ գումարով ի՞նչ կարող ես առնել։ Ինչևէ, չտվեցին։ Հետո երբ ԴԱՀԿ աշխատողները մեզ եկան հանելու, մենք հավաքել էինք ամբողջ իրերը, մնացել էր վառելափայտը։ Ես մոտեցա՝ խնդրեմ, որ վաղը հավաքենք ամբողջը, սկսեցին գոռալ ու հրեցին ինձ։ Երեք անգամ զենք պահեցին որդուս վրա, հարևանները վախենում էին մոտենալ։ Գնդակի պես տշում էին Յուրային։ Յուրայի հայրը գնացել է, պատերազմում հայրենիքն է պաշտպանել, որ իր տղայի վրա զենք քաշեն։ Թող այդ զենքը սահման տանեն։ Հետո շտապօգնություն է եկել, չգիտեմ՝ ով էր կանչել»։

Հարցին, թե ինչպես եղավ, որ Ամարյանը և նրա մայրը մարմնական վնասվածքներ են ստացել, գործով որպես վկա անցնող ԴԱՀԿ աշխատակիցներ Վարդան Մելիքբեկյանը և Սանասար Յարալյանը պնդել են, որ Յուրան ինքն է քարով խփել մոր մեջքին։

«Նա քարեր էր շպրտում մեր վրա, մեկն էլ կպավ մորը», ֊ ասել է Յարալյանը։

«Ինչպես է մարմնական վնասվածքներ ստացել երիտասարդը» հարցին, Յարալյանը պատասխանել է․ «Ենթադրում եմ, որ նա վնասվել է, երբ ձողը վերցրել է, իսկ ես փորձում էի խլել, քաշքշում էինք իրար։ Բայց ծանր վնասվածքներ այդ ժամանակ չէին կարող լինել»։

ԴԱՀԿ աշխատակից, տուժող Կարեն Միլիտոնյանի (ներքևի լուսանկարում՝ աջից)՝ Ամարյանների վրա զենք պահելու մասին խոսելով՝ նրա գործընկեր վկաներն ասել են, թե Միլիտոնյանը ատրճանակը ձախ գրպանից հանել է և դրել աջ գրպանը։

«Քանի որ Միլիտոնյանի ձեռքը վնասված էր, նա փոխեց ատրճանակի տեղը։ Նա ունի իրավունք զենք կրելու, կամ հարկ եղած դեպքում օգտագործելու», ֊ ասել է Յարալյանը։ Ամարյանները, սակայն, պնդում են, որ Միլիտոնյանն ատրճանակով հարվածել է երիտասարդի մեջքին։

Այսօրվա նիստին ուշագրավ հայտարարություն է արել նաև մեղադրող դատախազ Մկրտչյանը (ներքևի լուսանկարում՝ ձախից)։ Դատավոր Լևոն Ավետիսյանի հարցին, թե ինչու է դատախազն անտեսել Յուրա Ամարյանին տրված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, Մկրտչյանը պատասխանել է, թե «վնասվածքները մեղադրանքին չեն առնչվում»։  

dahkmilitonyan