Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները մշտապես ուղեկցվում են կոպիտ խախտումներով, որոնք ոտնահարում են քաղաքացիների ազատ կամարտահայտման ու հավասար ընտրական իրավունքը և արգելակում ժողովրդի իշխանության լիարժեք իրացումը: Այս մասին ասված է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հայտարարության մեջ, որն անդրադառնում է դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
Նախաձեռնությունը նշում է, որ վերջին տարիներին հատկապես ակտիվորեն սկսել է օգտագործվել Հայաստանից բացակայող քաղաքացիների հաշվին՝ մասնակցության թվի և ընտրությունների արդյունքների կեղծման գործիքը: Ըստ այդմ, հայտարարության հեղինակները չափազանց կարևոր են համարում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական հանրաքվեի օրինականության նկատմամբ վերահսկողությունը և դրանում քաղաքացիների ուղղակի և զանգվածային ներգրավումը:
««Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը նախատեսում է համախոհ գործընկերների հետ իրականացնել լայնածավալ դիտորդական առաքելություն Հայաստանի ողջ տարածքում՝ կանխելու իրավախախտումները և վերահսկելու հանրաքվեի գործընթացի համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր կիսում են այս մտահոգությունը և շահագրգռված են արդար և ազատ ընտրություններով, միանալ մեր դիտորդական առաքելությանը՝ հանդես գալով որպես հավատարմագրված դիտորդ կամ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ համատեղ ջանքերով կանխարգելելու հանրաքվեի ընթացքի խաթարումը և արդյունքների կեղծումը:
Դիտորդների համար նախապես կկազմակերպվի դասընթաց և կտրվի իրավաբանական խորհրդատվություն: Իրավախախտումները կբողոքարկվեն համապատասխան մարմիններում։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են լինել քաղաքացի-դիտորդ, խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 27-ը ժամը 18:00-ը տեղեկացնել [email protected] էլեկտրոնային փոստով, կամ զանգահարել 094 553069 հեռախոսահամարով», ֊ նշում է նախաձեռնությունը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կազմակերպությունների կոալիցիա է, որը ստեղծվել է 2013 թվականի մայիսին: Նախաձեռնության կազմի մեջ են մտնում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունները: