«Նաիրիտ» գործարանը պարապուրդում է, սակայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջոցներից չաշխատող գործարանի 480 աշխատողներին վճարվում է ամսական 70-75 միլիոն դրամ աշխատավարձ։ Այս մասին ԱԺ֊ում հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով գործարանի հնարավոր վերագործարկման մասին ՀՅԴ֊ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։
Նախարարն ասել է, որ Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ «Նաիրիտ» գործարանը ներկա վիճակով ենթակա չէ գործարկման։
«Կառավարությունը որևէ հիմք չունի այդ ուսումնասիրությունները դնել կասկածի տակ։ Ինչպիսի՞ն կլինի «Նաիրիտի» ճակատագիրը, ցույց կտա ժամանակը», ֊ ասել է Զախարյանը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը կողմ է վերագործարկմանը, և առաջարկների դեպքում դրանք կքննարկվեն։