Home / Հայաստան / Թարգմանել հայերեն. «Ալիսը» 150 տարեկան է

Թարգմանել հայերեն. «Ալիսը» 150 տարեկան է

Էսսե Ալիսի հեքիաթների մասին

Հեղինակ՝ Սերգեյ Սարգսյան

Ես բացահայտեցի Ալիսին մոտ 6-7 տարեկանում, երբ ապրում էի Թբիլիսիում: Բայց ոչ գրքի տեսքով, ոչ էլ մուլտֆիլմի: Տանը, պարզվեց, ունենք վինիլային սկավառակ, որտեղ ամբողջ հեքիաթը ընթերցվում էր (հիմա որ մտածում եմ` փաստորեն աուդիոգրքի գաղափարը այդքան էլ թարմ չի): Մի հազար անգամ լսելուց հետո (ի դեպ, ռուսերեն էր, այդ ժամանակ հայերեն խոսել դեռ չգիտեի) սկավառակը փչացավ: Սկսեց կախել ինչ-որ տեղից: Այդ օրը ստեղծվեց առաջին գրական «մանթրաշ» վիճակը իմ կյանքում: Հետո շտապ բացահայտեցի մուլտֆիլմը և հետո` գիրքը, որը դարձավ իմ առաջին սիրված գրքերից: Իհարկե, այն ժամանակ հեքիաթն ընկալում էի մանկական մակարդակով` զվարճալի խոսող ճագարների, Ալիսի մեծանալու/փոքրանալու խաղերով և այլն: Հետագայում վերընթերցելով՝ սկսեցի նորանոր շերտեր բացահայտել այս հեքիաթում: Սկսեցի վայելել կարծես ծանոթ տեքստը նոր մակարդակի վրա` գտնելով ահավոր սրամիտ դրվագներ, հեգնանք, բառախաղեր և այն, ինչ հետո կբացահայտեի որպես «խաղ լեզվի հետ»: Այս բոլոր հաճույքները ես վայելում էի ռուսերեն, որով հիանալի թարգմանված էր Ալիսը Նինա Դեմուրովայի կողմից, բայց արդեն վերջնական նպատակ ունեի` վայելել Քերոլին բնօրինակով: Նախքան դա ինձ սպասում էր շատ դառը և տհաճ սառը ցնցուղ` Քերոլի հայերեն թարգմանությունը: Ես արդեն ապրում էի Երևանում, արդեն խոսում էի հայերեն և պատահական խանութում տեսա գիրքն ու որոշեցի հայերեն էլ ընթերցել, բայց` բա-բա-բա-բամ, ո՞ւր էին հեգնանքն ու նորաբանությունները, ո՞ւր էր այդ քաղցր, քաղցր աբսուրդն ու նմանակումները: Ժամանակն անցավ, բայց դառը նստվածքը մնաց: Ես արդեն Բրյուսովի լեզվաբանական համալսարանի ուսանող էի և արդեն հասցրել էի ընթերցել Քերոլին բնօրինակով: Ավելին`արդեն ուսումնասիրել էի բոլոր նրբերանգները, ծանոթացել առաջատար քերոլագետ Մարտին Գարդների The Annotated Alice ֆունդամենտալ աշխատանքին և հեքիաթների ենթատեքստը ավելի լավ գիտեի, քան տատիկիս անունը (իրականում տատիկս երկու անուն ուներ` մեկը անձնագրով , մյուսը… մի խոսքով, էական չի): Եվ երբ ինստիտուտում սովորելու ավարտական տարիներին սկսեցի մտածել թարգմանության թեմայով գիտական թեզ գրելու մասին, արդեն տատանվելու և փնտրելու կարիք չկար. որոշեցի զբաղվել հենց Քերոլի հարցով:

 

 

Հիմնական նպատակը, որը դրել էի իմ առջև, շատ ավելի էմոցիոնալ էր, քան գիտական. ստեղծել այնպիսի թարգմանություն, որ հայ ընթերցողը նույնքան վայելի և հաճույք ստանա Քերոլից, որքան անգլիախոս կամ գոնե ռուսախոս ընթերցողը: Երեք տարվա աշխատանքի ընթացքում առաջարկել եմ մի քանի գիտական մոտեցում Քերոլի թարգմանությանը, որոնք պետք է ապահովեն ինչպես բառախաղերի, այնպես էլ մշակութային հղումների, նորաբանությունների, քաղաքական հղումների և նոնսենսի թարգմանության համարժեքությունը: Աշխատանքի առավել հետաքրքիր մասերից մեկը ուզում եմ ներկայացնել այստեղ: Ալիսի հեքիաթների առանցքային բանաստեղծությունը, Jabberwocky բալադը, որը բարդագույն տեքստ է թարգմանիչների համար, և որի մեջ պետք էր պահպանել այնպիսի տարրեր, ինչպիսիք են նորաբանությունները (ստեղծել գոյություն չունեցող բառեր, որոնք նույն զգացմունքները կարթնացնեն հայ ընթերցողի մեջ), ստեղծել նոր կերպարներ, որոնք նույքան սարսափ կներշնչեն, պահպանել բանաստեղծական ոճը, վերաստեղծել ոգևորություն արտահայտող բառերն ու բացականչությունները: Այս թարգմանության հիմնական խթանը նախորդ թարգմանությունների թերություններն էին, որոնք շատ ձանձրալի ու անհետաքրքիր էին դարձնում Քերոլի հանճարը, և որտեղ չկային այն ահ ու սարսափը և միաժամանակ հեգնանքը, որն ընթերցողը պետք է զգար ընթերցելիս:

Ստորև ուրախ եմ ներկայացնել բնօրինակը, հայերեն երկու նախկին թարգմանություն և իմ համեստ թարգմանությունը:

Բնօրինակը.

Jabberwocky

Twasbrillig, and the slithytoves

Did gyre and gimble in the wabe:

All mimsy were the borogoves,

And the momerathsoutgrabe

 

Beware the Jabberwock, my son!

The jaws that bite, the claws that catch!

Beware the Jubjub bird, and shun

The frumiousBandersnatch!

 

He took his vorpal sword in hand:

Long time the manxome foe he sought –

So rested he by the Tumtum tree

And stood awhile in thought.

 

And, as in uffish thought he stood,

The Jabberwock, with eyes of flame,

Came wiffling through the tulgey wood,

And burbled as it came!

 

One, two! One, two! And through, and through

The vorpal blade went snicker-snack!

He left it dead, and with its head

He went galumphing back.

 

And hast thou slain the Jabberwock?

Come to my arms, my beamish boy!

A frabjous day! Callooh! Callay!

He chortled in his joy.

 

Թարգմանություն 1

1971 (Գագիկ Բանդուրյան)

Փնթփնթանը

 

Չոստապկ էր, լպղիջ գորմողցաններին,

Հոլպըտում էին, շանքում ջրշանժում:

Բոլոր բարթղերը թռգզփետ էին,

Կանխող տան ճանկորց գորսուլ փշըռտում:

 

Զգույշ կաց, որդիս, այդ Փնթփնթանից,

Մեծ ծնոտներից և ճանկերից սուր,

Եվ զգուշացիր Ջաբջաբ թռչունից,

Իսկ չար բամբասից դու արագ խույս տուր:

 

Նա ձեռքում պահեց սուրն իր ահագին,

Մինչև ատելի ոսոխին գտավ,

Թամթամ ծառի մոտ քիչ առավ հանգիստ

Եվ հետո ոտքի նա ելավ վստահ:

 

Երբ նա սուզված էր խոհերում իր ծով,

Փնթփնթանն եկավ աչքերում կրակ,

Սուլելով անցավ անտառի միջով,

Ու մոլեգնորեն հարձակվեց վրան:

 

Սուրն առաջ պարզած նա վրա հասավ,

Զարկեց, սպանեց նրան առհավետ,

Ապա դեպի տուն դիմեց սրարշավ,

Կտրած գլուխը տանելով իր հետ:

 

Քաջ փնթփնթանին գլխատել ես դու,

Եկ գրկեմ քեզ, իմ չքնաղ որդի,

Ինչ երջանիկ օր, ինչ չքնաղ նվեր,

Եվ սահման չուներ հրճվանքը սրտի:

 

Թարգմանություն 2

1994 (Սամվել Մկրտչյան)

 

Փրչրթան

Ճաշ չորսն էրգալիս. Փանչերը ճկլոր

Հոլում էին և շաղափում քամչին,

Ութշվաբր էին չամչերը բոլոր,

Փռնճում էին խոչերը փամճին:

 

«Չար Փրչրթանից զգույշ կաց, տղաս,

Սուր մագիլներից ու մեծ երախից,

Ջաբջաբ թռչունից հեռու կաց, տղաս,

Խուսափիր քիլոտ Չարչամչարախից»:

 

Տղան ձեռքն առավ սուրը փրչրթոտ,

Գնաց գտնելու հրեշին չրփեջ,

Շունչ քաշեց մի պահ Թամթամ ծառի մոտ,

Ու խորասուզվեց իր մտքերի մեջ:

 

Եվ մինչև կանգնած էր նա մտամոլոր,

Փրչրթանն ելավ դիմացը նրա.

Թուլգի անտառից ելավ գավաթլոր

Ու ասպատակեց տղայի վրա:

 

Ու էլ աջ ու ձախ, ու էլ վեր ու վար,

Փրչրթոտ սուրը նա զարկեց չորս դին,

Սպանեց նրան ու գլուխն առած,

Տուն վերադարձավ տղան ցնծագին:

 

«Չար Փրչրթանին սպանել ես դու,

Արի քեզ գրկեմ, իմ քաջուկ տղա,

Ով պառափանծ օր, հեյ, հարայ-հուրու»,-

Ուրախ ջրքտաց ծեր հայրը նրա:

 

Թարգմանություն 3

2005 (Սերգեյ Սարգսյան)

 

ՄՌԹԱԳԱՄՓ

Շմույսանում էր և ճլպոտ փզերը

Ցապկում, վլում էին խարքում:

Եվ մզմելի էին ճալփերը,

Որ փարփասում էին սահճում:

 

«Մռթագամփից զգույշ կաց, տղաս,

Սուր ճանկերից ու երախից:

Խալչիր, թե Չանթաստին տենաս

Ու խուսափիր Ջուբջուբ թռչնից»:

 

Իր սուրը հառ նա ձեռքն առավ,

Փնտրեց իր ոսոխին զազլի:

Գնաց, Թումթում ծառին հասավ

Ու գիրկն ընկավ իր մտքերի:

 

Ու մինչ խորհում էր նա վիհուն

Մռթագամփի աչքերը վառ

Կայծակեցին քուլ անտառում

Ու վրա հասավ նա հրահառ:

 

Ու մեկ, երկու, զարկեց հուժկու

Ու սուրը հառ վիզը կտրեց:

Կտրած գլուխը թշնամու

Առավ ու տուն նա թռպոտեց

 

«Դու սպանեցիր Մռթագամփին:

Արի ինձ մոտ, աստղուն տղաս:

Տոն զմայչելի, հուրայ-հուրի»,-

Բացականչեց նա հռճվահաս:

 

Հույս ունեմ՝ հայ ընթերցողները կկարողանան վայելել Քերոլին այնպես, ինչպես դա անում եմ ես: Նաև հուսով եմ, որ Ալիսի հեքիաթների վրա գործը կանգ չի առնի, և ինչ-որ պահի հնարավորություն կստեղծվի թարգմանելու նաև ոչ պակաս հանճարեղ պոեմը` The hunting of the Snark-ը, որն իր երգիծական արժեքով աննախադեպ աշխատանք է, սակայն առայժմ հասանելի չի հայ ընթերցողին: