Հայաստամում անհրաժեշտ է հակախտրականության մասին օրենք ընդունել։ Թեև իշխանական քարոզչությունն այլ բան է տարածում, այն հարկավոր է ոչ միայն նույնասեռական անձանց պաշտպանության մեխանիզմներ ստեղծելու համար, փաստում են խնդրով զբաղվող ՀԿ֊ների ներկայացուցիչները։
«Մենք հասկանում ենք, որ դա պրոպագանդայի արդյունք է, որոշ ԶԼՄ֊ներ շատ սшալ են ներկայացնում՝ ինչ բան է խտրականությունը, ինչու պետք է Հայաստանի Հանրապետությունն ունենա հակախտրական օրենք», ֊ օրենքի անհրաժեշտության մասին խոսելով՝ «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում քննարկման ժամանակ ասել է «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ խտրականությունը սկսում է մանկապարտեզից՝ երբ, օրինակ, երեխային ասում են՝ «դու էսինչի երեխան ես»։ Գաբրիելյանն ասել է, որ նման դեպքերում կարծրատիպերն են գործում, այսինքն՝ մարդիկ ընդունում են, որ այդպես էլ պետք է լինի։
«Երիտասարդներն ընդդեմ խտրականության» ծրագրի փորձագետ Հասմիկ Հարությունյանն ասել է, որ հայաստանյան օրենսդրության մեջ բացակայում է խտրականության սահմանումը, հետևաբար նաև դրա դեմ պայքարելու մեխանիզմները։
«Աշխատանքային հարաբերություններում դրսևորվում են բազմաթիվ դեպքեր, երբ գործատուներն անբարենպաստ վերաբերմունք են ցուցաբերում աշխատողների նկատմամբ, իսկ երբ աշխատողը փորձում է բողոքել, սպառնում են զրկել աշխատանքից։ Բազմաթիվ երկրներում նման վիկտիմիզացիայի վերաբերյալ օրենքներ կան։ Ասոցացված խտրականություն կա. դա այն է, երբ անձը ենթարկվում է խտրականության ոչ թե իր ունեցած որևէ հատկանիշի հիման վրա, այլ, օրինակ, եթե երեխա ունի, որը հաշմանդամության կարգ ունի և ավելի մեծ հոգատարություն է պահանջում։ Օրինակ, մորը կարող են աշխատանքից ազատել ոչ թե այն պատճառով, որ վատ է աշխատել, այլ որ երեխան որևէ խնդիր ունի», ֊ ասել է Հասմիկ Հարությունյանը։
Հասմիկ Փախանյանն էլ օրինակ է բերել իր սեփական փորձից․ «Զուտ իմ օրինակով կարող եմ բերել. երիտասարդ փաստաբանները ենթարկվում են խտրականության տարեց փաստաբանների կողմից, օրինակ, սահմանափակվում է նրանց խոսքի ազատությունը»։
Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) ղեկավար Մամիկոն Հովսեփյանն ասել է, որ հաճախ խտրականությունն անգրագիտության հետևանք է։
«Բերեմ օրինակ։ ՄԻԱՎ֊ով ապրող անձը գնում է տոմոգրաֆիայի, գիտեք ընդամենը սարքով պետք է գլուխը նկարեն։ Նախ հրաժարվում են սպասարկել, հետո սպասեցնում են, մինչև բոլոր մյուսներին սպասարկեն։ Երբ որ սոցաշխատողն ասում է՝ ինչո՞ւ այդպես արեցիք, պատասխանում են՝ ինքը վարակված է։ Բժիշկ լինելով՝ չգիտեն, որ ՄԻԱՎ֊ը փոխանցվում է մարմնի 4 հեղուկներով», ֊ ասել է Հովսեփյանը։